Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի մամուլի քարտուղար Ռոնալդո Մարմարան կտրականապես հերքել է Թուրքական լրատվամիջոցների կողմից իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե իբր Վատիկանի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք Հայոց ցեղասպանությունը կապում են «հայերի կողմից ստեղծված խնդրի հետ», տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ին:
Վերջին օրերին թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Բախչեշեհիր համալսարանը Վատիկանի արխիվներում պահվող պատմական փաստաթղթերի ուսումնասիրության բաժին կբացի: Մասնավորապես, «Վաթան» թերթը մեջբերել է Մարմարայի հայտարարությունը` ներկայացնելով նրան որպես համալսարանի գիտահետազոտական նախագծի «ղեկավար»:
Մամուլի քարտուղարին է վերագրվել այնպիսի հայտարարություն, ըստ որի, իբր Վատիկանի գաղտնի արխիվներում կան փաստաղթղթեր, որոնք վերաբերում են «1915թ. իրադարձություննրին» եւ ցույց են տալիս, որ «ամեն ինչ սկսվել է հայերի ստեղծած խնդիրներից»:
«Fides» գործալակալությանն ուղարկված հայտարարությունում Մարմարան դատապարտել է քարոզչական կեղծիքը, որի զոհն է դարձել: Նա ընդգծել է, որ «այդպիսի նուրբ եւ զգայուն հարցը, ինչպիսին է հայկականը, պետք է քննարկվի միայն արխիվային փաստաթղթերի օգնությամբ», ինչպես նաեւ դատապարտել է թուրքական մամուլի մանիպուլյացիան:
«Վատիկանի գաղտնի արխիվները հարյուր հազարավոր փաստաթղթղեր են պարունակում, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմությանը: Իհարկե, կան նաեւ հայկական հարցին վերաբերող փաստաղթղթեր, Եվրոպայում արդեն հրապարակվել են այդ հարցի վերաբերյալ գրքեր` արխիվային նյութերի հիման վրա, սակայն այդ փաստաթղթերը դեռեւս դասակարգված չեն: Դա իմ հետազոտության թեման չէ: Այդ արխիվները հասանելի են հետազոտողների համար, եւ ես պատասխանատվություն չեմ կրում այնտեղ կատարվող հետազոտությունների համար: Ես նշում եմ միայն դրանց կարեւորությունը: Վատիկանի արխիվների թվայնացման գործընթացը մեկնարկել է, եւ շուտով դրանց մի մասը հասանալի կլինի համացանացում»,-նշել է Ռոնալդո Մարմարան:




























