Պետք է հույս ունենալ, որ Վրաստանի ներկա իշխանությունն ավելի հեռատես կլինի տարածաշրջանային ինտեգրման առումով, ինչպես նաեւ կնախատեսի Հայաստանի մասնակցությունը Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագծում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, թե Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը մի շարք հարցեր է առաջ բերում:

Տնտեսագետի խոսքով, եթե այս տեսանկյունից քննարկենք Իվանիշվիլիի հայտարարությունը, ապա պարզ է, որ նոր վարչապետը տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը քննարկում է առանց քաղաքական բաղադրիչների: «Չեմ կարծում, որ Իվանիշվիլիի առաջարկությանն Ադրբեջանի պատասխան արձագանքը ադեկվատ կլինի, սակայն Ադրբեջանի կողմից շատ անհեռատես կլինի տարածաշրջանում Վրաստանի գործոնը հաշվի չառները»,-ասաց Մանասերյանը:

Նշենք, որ Իվանիշվիլին չի բացառել, որ այս թեմայի շուրջ խոսակցությունը կարող է կայանալ իր Ադրբեջան կատարած այցի ժամանակ: «Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը մի շարք հարցեր է առաջացնում: Հնարավոր է, դրա հետ կապված ստիպված լինեմ հարցեր տալ Ադրբեջան այցի ժամանակ եւ մեղմորեն բացատրել մեզ բարեկամ երկրին, որ ինչ-որ փուլում դա կարող է օգտակար չլինել մեզ համար եւ հարցը կարգավորում է պահանջում: Մենք պետք է հարգենք հարեւաններին եւ նախկին իշխանությունների ստանձնած պարտավորությունները, բայց միաժամանակ, այստեղ հարցեր են ծագում, որոնք պատասխաններ են պահանջում»,-ասել է Իվանիշվիլին: