ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակել 69-ամյա սենատոր Ջոն Քերրիին, հավելելով, որ Քերրին «իդեալական ընտրություն է» Հիլարի Քլինթոնին փոխարինելու համար:
Իր հայտարարությունն Օբաման արել է Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսում: Սա Օբամայի կողմից իր նոր կաբինետի անդամների առաջին թեկնածությունն է:
Սենատոր Ջոն Քերրին, ով հանրապետական Ջորջ Բուշի հիմնական մրցակիցն էր 2004-ի նախագահական ընտրություններում, Պետքարտուղարի պաշտոնի առանցքային թեկնածուն է դարձել նախորդ շաբաթ՝ այդ պաշտոնի հավակնորդ, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսի ձախողումից հետո: Ռայսի թեկնածությանը դեմ են հանդես եկել հանրապետականները, հիշեցնելով նրա արտահայտությունները Բենղազիում ահաբեկչությունների մասին, որոնք Սյուզան Ռայսն անհեռատեսորեն կոչել էր «ինքնաբուխ»:
Մոտ ապագայում սպասվում է, որ Օբաման կբարձրաձայնի պաշտպանության նոր նախարարի անունը, ով այդ պաշտոնում կփոխարինի Լեոն Պանետային, ինչպես նաեւ ԿՀՎ-ի նոր տնօրենի անունը, ով կփոխարինի Դեւիդ Պետրեուսին: վերջինս այդ պաշտոնից հեռացել էր իր կենսագրության հեղինակի հետ կապված սկանդալային ինտրիգից հետո:




























