Հարավային Սուդանում խփվել է ռուսական Մի-8 ուղղաթիռը, զոհվել են անձնակազմի չորս անդամներ, որոնք բոլորը ռուսներ էին: Դեպքը տեղի է ունեցել Հարավային Սուդանում ՄԱԿ-ի հանձնարարությամբ հետախուզական թռիչք իրագործելիս:
Ուղղաթիռը պատկանում էր «Նիժնեվարտովսկավիա» ընկերությանը: Հարավային Սուդանում աշխատող ռուս օդաչուները հայտնում են, որ ուղղաթիռից մնացել է միայն պոչի հատվածը:
«Իզվեստիան» գրում է, որ սկզբում Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում հերքում էին ուղղաթիռը խփելու փաստը, սակայն հետո խոստովանել էին, որ ողբերգական սխալ է տեղի ունեցել` ՄԱԿ-ի դրոշմով ուղղաթիռը զինվորականները շփոթել էին Հյուսիսային Սուդանի ուղղաթիռի հետ: Ըստ զինվորականների` ՄԱԿ-ի առաքելությունում չէին հաստատել այդ շրջանում ուղղաթիռի թռիչքը, ինչից հետո էլ այն խփվել էր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ջուբայից պահանջել է հետաքննություն անցկացնել եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի:




























