Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան գլխավորել է տարվա կանանց 20 հոգանոց ցուցակը, որը կազմել է ֆրանսիական Le Figaro օրաթերթը։ Տոլոկոննիկովան այս պահին գաղութում իր պատժաչափն է կրում՝ Քրիստոս Փրկչի եկեղեցու հայտնի փանք-աղոթքի համար։
Տոլոկոննիկովայի լուսանկարին ուղեկցող տեքստում ասվում է, որ նա Pussy Riot-ի դեմքն է, եւ որ ընկերուհիների հետ կարողացել է համընդհանուր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում ազատության ոտնահարմանը եւ ստանալ միջազգային աջակցություն, գրում է lenta.ru-ն:
Le Figaro-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի նախագահի կին Միշել Օբաման է: Երրորդ տեղում է դերասանուհի Մերիլ Սթրիփը:
Ֆրանսիական թերթի թոփ ցանկում են նաեւ Ֆրանսիայի նախագահի ընկերուհի Վալերի Թրիերվեյլերը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ամերիկացի դերասանուհի Քիրսթեն Ստյուարտը եւ FEMEN շարժման ներկայացուցիչ Իրինա Շեւչենկոն:
Ավելի վաղ Նադեժդա Տոլոկոննիկովան հայտնվել էր AskMen.com տղամարդկանց կայքի տարվա ամենացանկալի կանանց ցուցակում: Pussy Riot-ի այլ անդամների` Մարիա Ալյոխինայի եւ Եկատերինա Սամուցեւիչի հետ Տոլոկոննիկովան ընդգրկվել էր նաեւ ամեիկյան Foreign Policy ամսագրի 2012թ. «100 գլոբալ մտածողներ» ցուցակում:





























