ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ մեկնում է Հավայան կղզիներ, որտեղ էլ կտոնի Սուրբ ծնունդը։ Սպասվում է, որ նախագահը Հոնոլուլու կմեկնի դեկտեմբերի 22-ի առավոտյան (տեղական ժամանակով)։

Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում չի նշվում, թե Օբաման երբ կվերադառնա Վաշինգտոն, բայց քանի որ նախագահը կոնգրեսականներին շնորհավորել է Սուրբ ծննդի կապակցությամբ, ենթադրվում է, որ դեկտեմբերի 26-27-ից շուտ չի վերադառնա։
«ԱիՖ»-ը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարն ամեն տարի ձմեռային արձակուրդներն անցկացնում է հայրենի նահանգում եւ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Ծննդյան տոները մթագնում են ֆինանսական հարցերի շուրջ հանրապետականների հետ տարվող բանակցությունները։ Օբաման բյուջետային բանակցությունների մասնակիցներին կոչ է արել փոխզիջումային տարբերակ գտնել եւ Ծննդյան տոներից հետո ավարտել բյուջեի ավտոմատ սեկվեստրը կանխելու նախագծի մշակումը։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ առանցքայինը հարկային հարցն է։ Բյուջեի եկամուտներն ավելացնելու համար Օբաման առաջարկում է վերացնել տարեկան 400 հազար դոլարից ավելի վաստակող ամերիկացիների արտոնությունները։

Բյուջեի ավտոմատ սեկվեստրը, որը նախատեսում է ծախսերի 1,2 տրիլիոն դոլարով կրճատում, ԱՄՆ-ում կսկսվի 2013թ. սկզբից, եթե բյուջետային բանակցությունները ձախողվեն։