Անհայտ տղամարդը, դեկտեմբերի 21-ին, ներխուժել է Բեռլինի Ցելենդորֆի շրջանում գտնվող Deutsche Bank-ի բաժանմունք՝ փակվելուց անմիջապես առաջ: Նա պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներից մեկին, հայտարարելով, որ իր պայուսակում պայթուցիկ սարք կա: Բոլոր մնացած 20 աշխատակիցները փախել են հետին մուտքից:
Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, հանցագործն իշխանություններից մեկ մլն եվրո եւ դեպքի վայրից անվնաս հեռանալու հնարավորություն է պահանջել: Հակառակ դեպքում նա սպառնացել է պայթեցնել բանկն՝ իր ու պատանդի հետ միասին:
Ոստիկանները շրջափակել են շենքը եւ դադարեցրել երթեւեկությունը հարեւան փողոցներում:
Հեռախոսային բանակցությունների ընթացքում, որը տեւել է 10 ժամ, չարագործը համաձայնել է ազատ արձակել պատանդին, որից հետո իրավապահները մտել են շենք եւ կալանավորել նրան, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դեռեւս ոստիկանությունը չի հայտնում կալանավորվածի ինքնությունը: Հայտնի չէ նաեւ, թե արդյոք նրա մոտ իսկապես պայթուցիկ սարք է եղել: Հայտնի է միայն որ նա մոտ 20 տարեկան է, Գերմանիայի բնակիչ:





























