Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից 2009թ. իրականացված աշխատանքներին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը:
Երկրի ղեկավարը բավարար է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեությունը` նշելով, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը` կառույցն ի վիճակի է եղել կայուն կերպով իրականացնել նախատեսված ծրագրերը:
Նախագահն ընդգծել է, որ 2010թ. նույնպես ակնկալում է հիմնադրամի ակտիվ գործունեությունն ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



























