Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շահերն ԱՄՆ-ում լոբբինգ են անում հատուկ վարձած մարդիկ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը: Նրա խոսքով, Նիկոլայ Մելնիչենկոն (նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի թիկնապահ) վերադառնալով Ուկրաինա, ցուցմունքներ է տվել քննիչներին, թե ինչ մարդիկ են դրանք: Նա տվել է այն մարդկանց անունները, ովքեր մասնակցել են այդ «դավադրությանը»:
«Նրանցից որոշ ԱՄՆ քաղաքացիների մասին ես հայտնել եմ ԱՄՆ նախագահին»,-ասել է Կուզմինը «Շուստեր live» հաղորդման ժամանակ:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ «այդ անօրինականությանն» առնչություն ունեն «Վիլլի Ռեյն» լոբբիստական ընկերության ներկայացուցիչներ Վիլյամսոնն ու Ռալֆ Չաչը, որոնց վարձել է Տիմոշենկոյի ամուսին Ալեքսանդրը՝ ԱՄՆ-ում նրա դրական իմիջը ձեւավորելու եւ ուկրաինացի քննիչներին վարկաբեկելու նպատակով:
Բացի այդ, Մելնիչենկոն տվել է նախկին սենատոր Ջիմ Սլեթերի անունը, ով, ըստ նրա, Տիմոշենկոյի շահերը լոբբինգ է անում ԱՄՆ Կոնգրեսում եւ Պետքարտուղարությունում, օգտագործելով Հիլարի Քլինթոնի հետ ունեցած իր կապերը:
Կուզմինը նաեւ հայտարարել է, որ գերմանացի բժիշկների եզրակացությունը խոչընդոտում է Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելուն: Խոսքը Ուկրաինայի խորհրդարանի անդամ Եվգենի Շչերբանին սպանելու պատվերը տալու մասին է, հաղորդում է NEWSru.com-ը:
Նրա խոսքով, իրենք պատրաստ են սպասել, քանի որ գլխավոր դատախազության քննչական խումբը բավարար ապացույցներ ունի՝ մեղադրանք առաջադրելու համար:





























