Աշխարհի վերջը թեկուզ չիրականացավ, սակայն խլեց իր արյունալի զոհերին։ Սարսափելի պատահարը տեղի է ունեցել Ուկրաինայում դեկտեմբերի 21-ին։ Լուգանսկ շրջանի Սոկոլոգորիվկա գյուղի բնակիչն այնքան էր վախենում ապոկալիպսիսի իրականացումից, որ որոշեց ինքնասպան լինել՝ չսպասելով սարսափելի պահին։
Նրա կնոջ տվյալներով՝ գործազուրկ տղամարդը սարսափելի ձեւով վախենում էր աշխարհի վերջից։ Մի քանի օր նա պարբերաբար հարբում էր, որից հետո՝ դեկտեմբերի 21-ին իր վրա բենզին լցնելով՝ վառել է իրեն։ Տղամարդը մահացել է ստացված այրվածքներից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ նման դեպք գրանցվել է Ռուսաստանում, երբ դեկտեմբերի 20-ին Մոսկովյան շրջանի Սերգիեւ Պոսադ քաղաքում տարեց կինը նետվել է 13-րդ հարկի իր տան պատուհանից։ Ըստ նախաքննության տվյալների՝ հոգեբուժարանում գրանցված թոշակառուին այդ ճակատագրական քայլին դրդել են մամուլում՝ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի ակտիվ քննարկումները։
Զոհվածը թողել է տարօրինակ բովանդակություն ունեցող հետգրություն. « Պետք է ազատվել 29-րդ ծրագրից։ Քարը ինչպես քար։ Իմ անհետանալն ոչ ոք չի նկատի»։
Life News –ը գրում է, որ 73-ամյա Գալինա Շիրաեւան մոտ մեկ ամիս պատրաստվում էր դեկտեմբերի 21-ին։Այն մասին, որ տատիկն անընդհատ պնդում էր աշխարհի վերջը, պատմել են նրա հարեւանները։ Նրանց խոսքով՝ նա բոլորից հետաքրքրվում էր՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են ապոկալիպսիսին։





























