ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դեկտեմբերի 20-ին կայացել է 2012թ. վերջին բաց քննարկումը նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցն է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ  կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես են եկել տվյալ թեմային առնչվող ելույթներով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ հակամարտությունների կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությանը եւ մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաեւ պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:

Նա հավելել է, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք ու վճռականություն:

Դեսպան Նազարյանը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարեւորելով խաղաղաշինության գործընթացների եւ մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, եւ որոնք հանդիսանում են հարատեւ անվտանգության եւ կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ:

ԱԽ դեկտեմբերի 20-ի նիստի արդյունքում ընդունվել է նախագահական հայտարարություն:

Նշենք, որ 2005թ. դեկտեմբերի 20-ին ի կատարումն ՄԱԿ-ի գագաթաժողովի որոշման ԱԽ-ի եւ ԳԱ-ի որոշմամբ ստեղծվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը, որը միջկառավարական խորհրդատվական մարմին է: ՄԱԿ-ում գործում է նաեւ Խաղաղաշինության հիմնադրամը եւ Խաղաղաշինության աջակցման գրասենյակը, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում եւ համակարգում են  կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային ֆինանսական հաստատությունների, դոնորների ու տարածաշրջանային դերակատար կառույցների հետ: