Դեկտեմբերի 21-ին, Չինաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված հոբելյանական ծրարների եւ դրանց վրա փակցված` երկու երկրների նամականիշերի մարման հանդիսավոր արարողություն, որի համար օգտագործվել են հատուկ այդ առիթով պատրաստված դրոշմակնիքներ:
Մարումն իրականացրել են Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը եւ Չինաստանի ԱԳՆ-ին առընթեր ֆիլատելիստների ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Մա Սյաոլինը: Արարողությանը ներկա էին նաեւ մի շարք չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ մշակված ծրարների վրա Արարատ լեռան ներքո պատկերված են ՀՀ եւ ՉԺՀ պետական դրոշները, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ Պեկինի «Երկնքի Տաճարը»: Հայկական կողմի դրոշմակնիքի վրա պատկերված է Հայաստանի Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնի շենքը:




























