Նոյեմբերյան քաղաքում գտնվող «Արտամետ» դրոսելային գործարանը, որն արտահանման նպատակով փականներ է արտադրում, չի ստացել սպասվող բանկային վարկը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Արտամետ» ՓԲԸ դրոսելային գործարանի տնօրեն Գագիկ Աբովյանը, բանկերից մեկի հետ բանակցությունները ոչ մի հետեւանք չեն ունեցել։
Խոստացածին, ինչպես հայտնի է, սպասում են արդեն 3 տարի։ Իսկ եթե քեզ ոչ ոք ոչինչ չի խոստացել, այդ ժամանակ լցվիր համբերությամբ. «Արտամետի» պատմությունը ձգձգվում է արդեն 2 տարի։
Բանկի՝ ֆինանսավորումից հրաժարվելու արդյունքում սառեցվել է նաեւ Հայաստանի փոքր եւ միջին գործարարության զարգացման ազգային կենտրոնի (SME DNC) հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը երաշխավորում էր վարկի 70-80%-ը , այն դեպքում եթե գործարանին հաջողվեր ստանալ այն։ Անմիջական ֆինանսական աջակցության կառուցակարգեր ունի նաեւ հենց կենտրոնը՝ 3-5 տարով կապիտալի բաժնետեր հանդիսանալու պայմանով, սակայն տվյալ դեպքում որոշել են այն չօգտագործել։ «Այնուամենայնիվ, նրանք մեծ աշխատանք են կատարել, եւ ես նրանց շատ շնորհակալ եմ»,- նշել է Աբովյանը։
Արտահանման համար դրոսելներ արտադրող գործարանը վարկային միջոցների կարիք ունի՝ սարքավորումների դաշտն ընդլայնելու համար։ «Մենք նախապես խոսում էինք 20 մլն.դրամի մասին, բայց բանկի հետ բանակցությունների ժամանակ, գումարի թիվն իջավ մինչեւ 12 մլն., սակայն մեզ դա էլ չհաջողվեց ստանալ։ Իսկ դա մեզ կբավականացներ նոր սարքավորումների համար»,- նշել է ձեռնարկատերը։
Գործարանի վիճակն առավել սրվել է, երբ նրա ռուս հաճախորդը ներդրված խոշոր չափի ապրանքի համար չի վճարել։ Առանց շրջանառության միջոցների արտադրությունն անկում ապրեց։ «Ստիպված էի տուն ուղարկել 34 աշխատակիցների, մինչեւ նոր պատվերների ընդունումը»,- պարզաբանել է Աբովյանը։ Նոր պայմանագրերի նախնական պայմանավորվածություններ արդեն կան։ «Հումքը ես մի կերպ կգնեմ, կսկսեմ աշխատել, մի խոսքով կդիմանանք։ Բայց նոր պատվերների համար անհրաժեշտ է ունենալ ավելի շատ սարքավորումներ։ Այդպես ես համոզված կլինմ, որ ծավալուն աշխատանքները ժամանակին կավարտեմ»,- ամփոփել է նա։





























