Եվրամիությունը գոյություն ունեցող կազմակերպություն է՝ որոշակի ձեւաչափով, իսկ Եվրասիական տնտեսական խորհուրդն (ԵվրԱզԷՍ) ընդամենը նախագիծ է. ինչպե՞ս կարելի է համեմատել մեխը Լուսնի հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ ներկա իրավիճակում Հայաստանի համար իրական ընտրության տարբերակ չկա։
Քաղաքագետի խոսքով՝ ԵվրԱզԷՍ-ը նախկին խորհրդային երկրների՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած հավատարմությունը փորձելու ձեւ է։ «Բացի այդ, ներկայումս գործող Մաքսային միությունը համագործակցության միջոց է հիմնականում Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ։ Այս առնչությամբ շատ դժվար է որոշել Հայաստանի ապագա դերն այս տնտեսական միության մեջ»,- նշել է Ալ. Իսկանդարյանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն աշխարհի ամենաորոշակի քաղաքական կազմակերպություններից մեկն է, իսկ ԵվրԱզԷՍ-ի ստեղծման դեպքում դեռեւս չկան համագործակցության որոշակի ուղղություններ։ Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ ավելացրել է, որ ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին ԵվրԱզԷՍ-ն անհեթեթություն է համարում։





























