NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբոյի») հետ.
Ամփոփելով 2012թ` ինչպիսի՞ն է այն Ձեզ համար անձնական եւ ոչ անձնական տեսանկյունից:
Ինձ համար անցնող տարիների մեջ սովորական տարիներ չկան, նրանք բոլորը տարբեր են իրենց մեջ ամփոփվող ուրախալի եւ տխուր օրերով: Աստծուն փառք, անցնող տարվա մեջ տխրություն չտեսանք մեր ընտանիքում, իսկ փոքրիկ հաջողություններից անմասն չմնացինք: Իսկ ոչ անձնական տեսանկյունից ասեմ, որ մեր ժողովրդի եւ մեր համար խաղաղության տարի էր, որը գլխավոր պայմանն է պետության եւ մեր բոլորիս համար, իսկ մասնավոր դեպքում ժողովրդի համար սոցիալ տնտեսական առաջընթաց չունեցող տարի էր:
Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:
Ինչպես միշտ ընտանիքիս հետ, իմ տանը: Տարվա առաջին իսկ րոպեներից Ամանորյա էներգետիկայով ենք լիցքավորում մեզ եւ մեր բնակարանը:
Ինչպե՞ս եք նշում Ամանորը ձեր ընտանիքում:
Ինչպես բոլորը, բայց մինչ Նոր Տարվա գիշերը ցերեկով այցելում եմ Եռաբլուր, լռակյաց քայլում եմ զոհված մարտընկերներիս շիրիմների կողքով, ծաղիկներ դնում, հետո, վերադառնալով այդ սուրբ բարձունքից, բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ, եղբորս եւ մնացած հերոս հրամանատարների շիրիմին, հետո տխուր տրամադրությամբ վերադառնում են տուն, կամաց-կամաց մտնում ամանորյա տրամադրության մեջ: Բնականաբար ընտանիքիս բոլոր անդամները ունենում են իրենց ամանորյա նվերները եւ հետո անցկացնում ենք ամանորյա գիշերային ուրախությունը, ինչպես մնացած բոլոր հայ ընտանիքները:
Ամանորը որպես տոն ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում:
Փոքրուց այն տպավորությունն էր, որ մեծանում ենք ոչ թե մեր ծննդյան օրվա գալուստից, այլ Նոր Տարվա, եւ ուրախանում էի, որ մեկ տարով էլ մեծացա, իսկ հիմա` հասուն տարիքումս, տխրում եմ, որ եւս մեկ տարով մեծացա:
Ամանորյա նախապատրաստությունը, որո՞նք են Ձեր վրա:
Ինձ վրա տոնածառի գնումը եւ զարդարումը: Ես այդ պահին վայելում եմ թոռնիկներիս հրճվանքը, իսկ սննդամթերքի առումով` մսամթերքի գնումը:
Ամանորից առաջ այցելում եք գուշակների, որպեսզի ասեն թե ի՞նչ է Ձեզ սպասվում այս տարի
Չեմ ընդունում դրանց: Գուշակները հոգով տկարների համար են:
Քանի որ կենդանիների նկատմամբ մեծ սեր ունեք, հետաքրքիր է իմանալ 2013թ. բնորոշող օձը ձեր տանը պահո՞ւմ եք:
Տանս օձ պահելու անհրաժեշտություն չունեմ, իսկ օձի տարվա համար Աստծուն փառք, այդ տարվան ծնված որդի ունեմ: Բակումս պահում եմ ուսուրական վագրեր, որոնցից ստանում եմ հաճույք եւ հանգստություն, ինչը որ չէի ստանա ոչ մի կենդանուց: Այս աշխարհում ապրել ու գոյատեւելը ուժեղների արտոնությունն է, հարգում եմ ուժեղ մարդկանց, խելագարվում եմ ուժեղ կենդանիների համար:
Մանկությունից ի՞նչ հետաքրքիր դրվագ է տպավորվել` կապված Ամանորի հետ:
Չորս տարեկան էի, մանկապարտեզում մեր խմբով պետք է մտնեինք Ամանորյա հանդեսի: Հանկարծ լսեցինք բղավոցներ, որ տոնածառը վառվում է: Մեծ, գեղեցիկ տոնածառ ունեինք: Այն ժամանակներում տոնածառը լուսավորող նմանատիպ գույնզզույն լամպեր չկային, 220 վոլտ հոսանքով տոնածառի գագաթին ամրացված աստղի մեջ լամպոչկա էր դրվում եւ վառվում: Պարզվեց , որ այդ հոսանքից էլ ինչ որ բան էր կատարվել եւ սկսել էր այրվել տոնածառը: Տոնածառի տակ դրվում էին նվերները: Այդ պահին բոլորս բղավեցինք «բա՞ մեր նվերները» եւ վազեցինք դեպի դահլիճ: Դահլիճը ամբողջովին ծխի մեջ էր, իսկ դահլիճի շեմին ուժեղ հարվածեցինք դահլիճից դուրս փախչող ձյունանուշիկին: Ձյունանուշիկը ընկավ, ես էլ` իր վրա, իսկ մեզ այդ խառնաշփոթ վիճակից բարձրացնում էր Ձմեռ պապը, որը տոնածառը հանգցնելուց մորուքը ու գլխարկը մի կողմ էր գցել: Եվ ինչ տեսա, որ Ձմեռ պապը, մեր մանկապարտեզի տնտեսվար Ռաֆիկն էր եւ այդպես էլ մանկուց Ձմեռ պապու հեքիաթի գոյությունը չվայելեցի: Ձմեռ պապի լսելով` ինձ թվում է թե մեր մանկապարտեզի տնտեսվար Ռաֆոն է գալիս:
Ձմեռ պապիկից նախորդ տարի ի՞նչ եք խնդրել: «Սենց էլ մնա լավա», թե բոլոր ցանկությունները Ձյունանուշիկից են:
Եթե փոքրուց իմ մեջ Ձմեռ պապին տպավորվել է, որպես մեր մանկապարտեզի տնտեսվար Րաֆֆո, նման պապինները Ձյունանուշիկից ի՞նչ թողած պիտի լինեն, որ ես էլ դեռ մի բան էլ ուզեմ Ձյունանուշիկից (ծիծաղում է):
Ամանորը` կալանավայրում, ամենաշատը ի՞նչն է տպավորվել:
Մանդարինը: 1980 թվականն էր, «Կոշի» կալանավայրում մի հաց ընկեր ունեի` Ռո էինք ասում, նրան կալանավորել էին Հայաստանի կենտրոնական բանկի թալանը կազմակերպելու եւ իրագործելու մեջ: Այդ դեպքը սենսացիա առաջացրեց սովետական 15 հանրապետություններում: Տարել էին ՀԽՍՀ բանկի բոլոր փողերը: Շատ խորը ներս ունեցող սքանչելի մի անձնավորություն էր, փոքրամարմին, նիհար, մի աչքն էլ ՊԱԿ-ի մեկուսարանում ծեծելով վնասել էին: Հաճախ միասին անցկացրած մեր բանտային կյանքի լռությունը խախտվում էր իր հառաչանքով, ասելով. «էխ Ռուբո ջան, վատ էինք ապրում, ինչպես շատերը: Էս մանդարինը ի՞նչ էր, ձեռքն առնելով` ասում էր: Միայն նոր տարվա օրն էինք դրա գույնը տեսնում, այն էլ` տան երեխաներով նայում էինք միմյանց, թե որ մեկս առաջինը կվերցնի սեղանին դրված փոքրաքանակ մանդարիններից գոնե մեկը: Գլխիս մեջ փոքրուց պտտվում էր` հենց մեծանամ, պիտի գողանամ աշխարհի բոլոր փողերը, որպեսզի ….:
Մեծացա ու տարանք: Որոշ ժամանակ անց բռնվեցինք»: Լավ չձանձրացնեմ ձեզ եւ ասեմ, որ այդ օրվանից մանդարինի գոյությունը ինձ համար մի տխուր պատմություն հիշեցնող խորհուրդ ունի: Երբ նայում եմ մանդարինին, հիշում եմ գորշության մեջ դիմացս նստած իմ քաղցր ու անուշ ընկերոջ մանուկ հասակում հոգում նստած սովետական մանդարինի եւ փոքրուց նրա մեջ նստած աշխարհի փողերը տանելու գաղափարի ձեւավորմանը:





























