ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը  հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ` վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել։ Այդ մասին գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։

«Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱՍ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայի» տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը եւ Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես մեզ հայտնի դարձավ, ֆիզիկոս է, եւ դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել:

Մենք տեղեկացրել էինք, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկանությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԵԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը եւ բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ  նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն է»,- գրում է «Հայկական ժամանակը»։