Հայաստանի Զինված ուժերում 2012թ. ընդհանուր առմամբ առաջընթաց է արձանագրվել բարեփոխումների եւ նախորդ տարիներին արձանագրված հաջողությունների պահպանման առումով, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` անցած տարին կարգապահության բարձրացման առումով լավագույն  էր, եւ 2012 թ-ին շատ կարեւոր էր պահպանել ձեռք բերված հաջողությունները, քանի որ հաճախ մարդիկ, հասնելով ինչ-որ բանի, դադարում են ձգտել դա պահպանել, եւ արդյունքում խնդիրների թիվը միայն ավելանում է:

Ավանդույթի համաձայն` այս տարի եւս դեկտեմբերի 31-ին երկրի գերագույն  գլխավոր հրամանատարն ու նախարարը կայցելեն սահմանամերձ գոտի` շնորհավորելու սահմանամերձ գյուղի բնակիչներին եւ սահմանը պահող զինվորներին: Նախարարի խոսքով` ուշադրություն կդարձվի նաեւ այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են ԶՈւ շարքերում զինծառայության ժամանակ: Ցավոք, բանակի իրողություններն այնպիսին են, որ լարված ծառայության դեպքում կարող են արտակարգ դեպքեր լինել` անվտանգության կանոնների խախտում, միջանձնային հարաբերությունների հետ կապված միջադեպեր, նշեց Սեյրան Օհանյանը` վստահեցնելով, որ արվում է ամեն ինչ, նման միջադեպերը բացառելու համար: «Մենք բարձր պարտավորություններ ենք ստանձնել 2013թ-ը բացասական երեւույթների դեմ պայքարի տարի հայտարարելու եւ առավելագույնս նավազեցնել դրանց թիվը»,-նշեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես են իրենց ընտանիքում նշում Նոր տարին, Ս. Օհանյանն ասաց. «Ինչպես սովորական ընտանիքում: Հավաքվում ենք  ժամը 12-ին: Սպասում է Ձմեռ պապի այցը նվերներով: Փոքրիկներն արդեն նամակներ են գրում,  եւ ինչպես բոլոր երեխաները խաղալիքներ են խնդրում»: