Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների 64 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության նախագծին: Հանրաքվեին մասնակցել է 52 մլն ընտրողների միայն 33 տոկոսը: Այս առնչությամբ Եգիպտոսի ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ կպայքարի օրինագծի չեղյալ հայտարարելու համար:
Այսպես, թե այնպես, ֆորմալ առումով Սահմանադրությունն ընդունվել է եւ հիմա երկու ամսվա ընթացքում պետք է նշանակվեն խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Եվրոնյուզը»:
Հանրաքվեի վերջնական արդյունքները պաշտոնապես հայտարարվել է քվեարկությունից երեք օր անց. ԿԸՀ-ն քննարկել է ընտրախախտումների եւ կեղծումների վերաբերյալ բազմաթիվ բողոքները:
Հանրաքվեի արդյունքների հրապարակումը նոր բողոքի ալիք է առաջ բերել ընդդիմադիրների շրջանում, որոնք չեն լքում Թահրիրի հրապարակը: Ցուցարարները փակել են փողոցները, այրել անվաթողեր եւ քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Իշխանության հակառակորդները շարունակում են պնդել, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, իսկ օրենքի տեքստը բխում է միայն իսլամիստների շահերից:
Հանրաքվեն տեղի է ունեցել գրեթե անվերահսկելի մթնոլորտում: 80 միլիոնանոց երկրի ճակատագիրը որոշել է բնակչության 20 տոկոսը, որից 10,5 միլիոնը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության նախագծին, իսկ 6 միլիոնը՝ դեմ:
Իսլամիստներն արդեն հայտարարել են, որ նոր Սահմանադրությունը լավագույնն է երկրի պատմության ընթացքում:
ԱՄՆ-ը կոչ է արել Եգիպտոսի քաղաքական ուժերին համաձայնության հասնել եւ հրաժարվել բռնություններից:





























