Մոսկովյան դատարանը եւ դատախազությունը շարունակում են ամեն ջանք գործադրել հայ դպրոցական Էդիկ Մարկարյանի սպանության գորի քննությունը ձգձգելու համար:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին, սակայն մինչ օրս մեղավորներն անպատիժ են մնացել, դատարանի նիստերը հետաձգվում են, իսկ քննությունը փորձում է ամեն կերպ խոչընդոտել գործի ընթացքին:
Հերթական անգամ, նախորդ շաբաթավերջին նշանակված դատական նիստը՝ կապված գործը փակելու քննիչի որոշման քննության հետ, հետաձգվել է հունվարի 10-ին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է սպանված դպրոցականի մայրը՝ Ալլա Մարկարյանը, ակնհայտ են ժամանակ շահելու եւ գործի քննությունը ձգձգելու փորձերը: «Բայց ես մտադիր եմ հասնել գործի լիարժեք քննության եւ մեղավորների պատժմանը»,-ընդգծել է նա, չբացառելով, որ եթե բոլոր ներպետական ատյանները սպառվեն, ինքը դիմի Եվրոպական դատարան:
Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը:
Այդուհանդերձ, քննիչը երկրորդ անգամ դադարեցրել է գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ներկայումս բողոքարկվում է քննիչի այդ որոշումը:




























