NEWS.am-ը ներկայացնում է 2012թ. տասը գլխավոր քաղաքական իրադարձությունների իր տարբերակը.

1. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում`  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Մինչ այդ փաստաթուղթն ընդունվել էր ստորին պալատի` Ազգային ժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 22-ին: Որոշումն իսկական խուճապ առաջացրեց Թուրքիայում: Փետրվարի վերջին սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը հակասահմանդրական համարեց, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»: Իրադարձությունները տեղի էին ունենում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների համապատկերում, եւ նախագահի երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Սարկոզին նախարարների կաբինետին հանձնարարեց նոր օրինագիծ պատրաստել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը դադարեցրեց աշխատանքները` ընտրական գործընթացով պայմանավորված: Ներկայումս սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմը քննարկում է նորացված օրինագծի` խորհրդարան վերադարձնելու հանրավորությունները:

2. Խորհրդարանական ընտրություններ

2012թ. Հայաստանի գլխավոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին, որոնք տեղի ունեցան մայիսի  6 –ին: ՀՀԿ-ն ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստացավ` 131 տեղերից 70-ը:  Երկրորդ տեղն զբաղեցրած ԲՀԿ-ն  36 մանդատ ստացավ:  Երրորդ տեղն զբաղեցրած քաղաքական ուժը ընդդիմադիր ՀԱԿ-ն էր`  7 տեղով: ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրն» ու  «Ժառանգությունը» հնգական  մանդատ ստացան համամասնական ընտրակարգով: ՕԵԿ-ը մեկ տեղ էլ ունեցավ մեծամասնական ընտրակարգով: Ընտրությունների արդյունքով  ԲՀԿ-ն  չմասնակցեց նոր կոլաիցիայի ստեղծմանը, ՀՀԿ-ն հուշագիր  ստորագրեց ՕԵԿ-ի հետ:

3.  Միջադեպ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում 

Հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը եւ նրա երկու գործընկերները գազանաբար ծեծի ենթարկվեցին ԱԺ պատգամավորր Ռուբեն Հայրապետյանին  պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին` Վահե Ավետյանի կյանքը փրկել չհաջողվեց, նա մահացավ  հունիսի 29-ին: Ոստիկանությունը ձերբակալեց միջադեպի վեց մասնակիցների,  հիմնականում հյուրանոցի անվտանգության աշխատակիցների, որոնց մեղադրանք առաջադրվեց ՔՕ 112, 113, 118 հոդվածներով: «Հարսնաքարի» միջադեպը հասարակական մեծ դժգոհություն  առաջացրեց: Արդյունքում հասարակական ճնշման ազդեցության ներքո  Հայրապետյանն ստիպված եղավ հրաժարվել պատգամավորական մանդատից:

4. Նախագահական ընտրություններ Ղարաբաղում

Հուլիսի 19 –ին Ղարաբաղում  տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթեց գործող նախագահ Բակո Սահակյանը: Ընտրությունների ընթացքին հետեւում էին 80 -ից ավելի  միջազգային դիտորդներ աշխարհի մի շարք երկրներից, ովքեր հայտարարեցին անթերի  ժողովրդավարական գործընթացի մաաին: Արտաքին քաղաքականության ակտիվության հետ միաժամանակ ԼՂՀ-ում պաշտպանունակության ամարպնդման ուղղությամբ աշխատանքների իրականացվեցին: Մասնավորապես,  հոկտեմբերի 15 – 23-ը  անցկացվեցին  աննախադեպ մարտավարական ուսումնավարժություններ` Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների  մասնակցությամբ:

5.  Սաֆարովի գործը

Օգոստոսի վերջին հայ եւ միջազգային հանրության վրդովմունքն առաջացրեց Հունգարիայի կողմից ադրբեջացի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Բուդապեշտի եւ Բաքվի միջազգային հեղինակությանը խոշոր հարված  հասցվեց, իսկ ղարաբաղյան բանակցային գործընթացը հայտնվեց ձախողման եզրին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով հաջողվեց պահպանել որոշակի շփումները կողմերի միջեւ: Հոկտեմբերի  27-ին Փարիզում տեղի ունեցավ  հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտագործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Արդեն պայմանվորվածություն կա հաջորդ հանդիպումը 2013 թ. սկզբին անցկացնելու վերաբերյալ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  միջազգային ճանաչում

Օգոստոսի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձեւ, որով ողջունվում էին Ղարաբաղի հաջողությունները` ժողովրդավարության զարգացման ուղղությամբ եւ լիակատար աջակցություն էր հայտնվում ԼՂՀ ժողովրդի` ինքնորոշման եւ անկախության ձգտմանը:Այսկերպ, Մասսաչուսեթսը դարձավ երկրորդ ամերիկյան նահանգը, որն օրենսդրական մակարդակով ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու անկախությունը: Մայիսի 18-ին նման մի փաստաթուղթ ընդունեց Ռոդ-Այլենդի Ներկայացուցիչների պալատը: Բանաձեւերում նաեւ արտացոլվում է Արցածի Ժողովրդի` դեպի անկախություն բարդ եւ ողբերգություններով լի ուղին:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի  25 –ին ճանաչեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնուհետեւ տեղեկատվություն հայտնվեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի կողմից ԼՂՀ-ն ճանչելու հնարավորության մասին, իսկ նոյեմբերի 13 –ին սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ` ԼՂՀ այցելեց Ուրուգվայի  խորհրդարանի նախագահ Խորխե Օռիկոն, իսկ պատվիրակության անդամնեից մեկը չբացառեց, որ Ուրուգվայը կարող է լինել աշխարահում առաջին պետությունը, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

7. Լարվածություն սահմանին

2012 թ-ն աչքի ընկավ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությամբ: Շփան գծում, իրավիճակը, որպես կանոն, միշտ էլ բարդ է, սակայն 2012թ. հուլիսյան իրադարձություններն  աչքի ընկան մի շարք առանձնահատկություններով, որից կարեւորը հակառակորդի ուղղորդված սադրիչ գործողություններն էին: Եթե նախկինում ադրբեջանական զինուժը հիմնականում գործում էր ղարաբաղյան ուժերի դեմ, ապա այս ամռանը դիվերսիոն խմբերի հարավածներն ուղղվեցին Հայաստանի հյուսիսին: Ընդ որում, Բաքուն կարծես իր «ռազմական գործողությունները» նվիրեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին:

8.Մեղադրանք ընդդեմ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի

Հանրության շրջանում քննարկման թեմա դարձավ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակացության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: ԱԺ-ն հոկտեմբերի 2-ին Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից` նրան փողերի լվացման գործով  որպես մեղադրյալ ներգրավելու համար: Գլխավոր դատախազության տվյալներով`  «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը յուրացրել է իրեն բարեգործական նպատակներով հատկացված խոշոր գումարը: 

9. Պառակտում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ն ընդամենը 7 մանդատ ստացավ, մայիսի 18 –ին «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ  ՀԱԿ-ից, իսկ նրա առաջնորդ Արամ Սարգսյանը հրաժարվեց մանդատից: «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ  դեկտեմբերի  20 –ին հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մասին  եւ դադարեցրեց համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: Հինգ օր անց ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Պահպանողական կուսակցությունը եւս դուրս եկավ կոնգրեսից:

10. 2013թ. նախագահական ընտրություններ. մեկնարկը տրված է

Դեկտեմբերին տրվեց 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Մասնավորապես, Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվել է դեկտեմբերի  25-ին եւ կշարունկվի մինչեւ հունվարի  4 -ը: Գրանցման ժամկետները հունվարի 5-14 –ն են: Նախընտրական քարոզարշավը կմեկնարի  հունվարի 21-ից  եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 16-ը: Դեկտեմբերի 15-ին ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` առաջադրվելուց  հրաժարվելուց հետո  գործող նախագահն առայժմ լուրջ մրցակից չունի: Առաջադրվելուց հրաժարվեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀՅԴ-ն նույնպես հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին: