Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել խնդրի ռազմական տարբերակով լուծումը։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, եւ աճում է խնդրի ռազմական տարբերակով լուծման հավանականությունը»,- նշեց ՀԱԿ համակարգողը՝ հավելելով, որ ոչ մի դեպքում չի կարելի բացառել խնդրի ռազմական ուղիով լուծումը։

Ընդդիմադիր գործիչն այս ամենում մեղադրում է իշխող վարչակազմին։

Լեւոն Զուրաբյանի խոսքով, Ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում ավելի բարձրացավ Թուրքիայի դերը, ամենեւին չթուլացան գերտերությունների կողմից Հայաստանի վրա եղած ճնշումները, եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական նոր հակամարտության։

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը հավաստիացրեց, որ պատերազմի դեպքում ընդդիմությունն անպայմանորեն կմասնակցի պատերազմական գործողություններին եւ մի կողմ կդնի քաղաքական վեճերը։

«Մեզ համար ամենաառաջինը ազգային եւ պետական շահերն են։ Պատերազմի դեպքում մենք առաջինը կոչ կանենք եւ ինքներս էլ կլծվենք պատերազմական գործողություններին։ Ինչ հանցագործ էլ լինի վարչակազմի ղեկավար, պատերազմական իրավիճակում վեճերն անիմաստ են, սակայն պատերազմից հետո այդ հարցերը նորից կդրվեն եւ ավելի ծայրահեղ ձեւով»,-ընդգծեց Զուրաբյանը։