Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը արձագանքել է Բրյուսելի քննադատություններին եւ մտադրված է սահմանափակել թուրքական բանակի լիազորությունները: Ապագայում զինվորականները, առանց քաղաքացիական մարմինների թույլտվության, իրավունք չեն ունենա ուժ կիրառել:

Այսպիսով,Էրդողանը երկրի զինված ուժերի իրավունքների սահմանափակման գործում հետագա քայլեր է իրականացնում: Spiegel գերմանական պարբերականի հաղորդմամբ, հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ էրդողանը հայտարարել է, թե լուծարվում է 1997 թվականին ընդունված այն արձանագրությունը, որը թույլ էր տալիս բանակին ներքաղաքական ճգնաժամի դեպքում, առանց քաղաքացիական կառույցների թույլտվության, դիմել վճռորոշ միջոցների կիրառմանը:

Սույն արձանագրությունը Եվրոպական Միության կողմից բազմաթիվ անգամ քննադատվել է, քանի որ զինված ուժերին տալիս էին ներքաղաքական դեր, ինչը հակասում է եվրոպական նորմաներին: Վերջին ժամանակներս Թուրքիայի բանակի քաղաքական լիազորությունները սահմանափակվել են, սակայն, պաշտոնական Բրյուսելի կարծիքով, այս ուղղությամբ պետք է իրականացվեն հետագա քայլեր, քանի որ պետությունը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ:

Spiegel-ը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերն էլ իրենց հերթին իրենց զգում են «Թուրքիայի աշխարհիկ արժեքների պահապաններ» եւ կասկածով են վերաբերվում էրդողանի կրոնա-պահպանողական կառավարությանը: