Ճապոնացի Ձիրոեմեն Կիմուրան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց բնակիչ եւ միաժամանակ որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Կրկնակի տիտղոսը Կիմուրային պաշտոնապես շնորհվել է դեկտեմբերի 27-ին, երբ դարձել էր 115 տարեկան եւ 253 օրական, հաղորդվում է գրքի պաշտոնական կայքում:
Երկարակեցության նախորդ ռեկորդը տղամարդկանց շրջանում պատկանում էր Քրիստիան Մորտենսենին, որը վախճանվել էր 1998թ.` 115 տարեկան եւ 252 օրական հասակում: Այս տարվա դեկտեմբերի 15-ից սկսած Կիմուրան գտնվում է հիվանդանոցում: Սակայն, չնայած առողջական խնդիրներին, նա լավատեսորեն է նայում կյանքին եւ լավ տրամադրություն ունի, հայտնում է NEWSru.com-ը:
Աշխարհի ամենատարեց բնակիչը յոթ երեխա ունի, ճիշտ է, նրանցից երկուսն արդեն մահացել են: Նա նաեւ 14 թոռների, 25 ծոռների եւ ծոռների 13 երեխաների պապիկ է:
Կիմուրան ծնվել է 1897թ., նա երեք դարաշրջան է տեսել, վկա եղել սոցիալական հսկայական առաջընթացի եւ տեխնիկական ձեռքբերումների: Տեսել է Բրիտանիայի վեց միապետերի , Ճապոնիայի հինգ կայսրերի եւ ԱՄՆ-ի 20 նախագահների կառավարումը:
Իր երկարակեցության գաղտնիքը Մոլորակի ամենատարեց բնակիչը բացատրում է նրանով, որ շատ լուրջ է հետեւում սննդին. «Կերակուրն ինչքան էլ համեղ լինի, պետք է չափի զգացողություն ունենալ»:





























