NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում 2012թ ձեր եւ ձեր կառույցի աշխատանքը:
Եկեք ես չգնահատեմ, ինքս իմ մեջ եմ ինձ գնահատում, հանրային գնահատումը ակնկալում եմ եւ պետք է տան այն մարդիկ, ում ուղղված էր այդ քաղաքականությունը: Ինչ էլ որ անես, պետք է ավելի շատ չբավարարված լինես, քան բավարարված, եթե բավարարված ես, նշանակում է` քո մեջ ինչ-որ մի բան այն չէ: Անելիքները շատ ավելի շատ մնացին, քան դրանք կրճատվեցին կամ պակասեցին:
Ի՞նչ բացթողումներ են եղել եւ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեիք:
Տարին անցավ գրատպության 500-ամյակի շնչի ներքո եւ բոլոր ծրագրերը դիտարկվում էին այդ տեսանկյունից, բոլորը ուղղված էին դրան: Քիչ ուշադրության կենտրոնում գտնվեցին այլ կարեւոր ծրագրեր Գրատպությունը ամփոփելիս ասեմ, որ ունենք գրատպության ծրագիր, որից չենք կատարել մի գիտաժողով, մեկ մանկական ծրագիր, դա փոխարինեցինք երկու ուրիշ ծրագրերով, ըստ էության, պատրաստ չէ դեռ մարզերի գրախանութների ցանցը: Մարզերի պարագայում պետք է հատուկ նպատակային տեղեր հատկացվեն, լինեն ներդրումային ծրագրեր, ներդրողները գտնվել են, պետք է լինի կառավարության որոշում, որոնցով տրամադրում է հողահատկացում: Կառավարության որոշումը կկարողանանք ընդունել 2013թ: Ընդհանուր առմամբ՝ կարծես ամեն ինչը կատարված, գերակատարված է: Պետք է արդյունքները շոշափենք ինքներս մեր մեջ: Այս ծրագրերի շնորհիվ կարողացանք շատ բաներ վերատպել եւ ունենալ շատ բաներ: Մեզ մնաց այն ցանցային համակարգը, որ ձեւավորվեց հայկական գրադարանների միջեւ, միջազգային ցանցային համագործակցությունը, որը ստեղծեց մեր հանրային գրադարանը, երաժշտագիտական գրադարաների ցանցը: Մեզ մնացին այն գրքերը, որոնք տպագրվեցին «Գրական տապան» ծրագրի իրականացման շրջանակներում: Այս բոլոր գործընթացներում ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց նկատմամբ ավելի ուշադիր, զգոն պետք է լինել: Իմ անձնական դժգոհությունը նրանից է, որ ինձ թվում էր, թե հոգեւոր արժեքներին հասարակությունը հաղորդակից լինելով հանդերձ՝ կյանքի, ապրելաձեւի նկատմամբ ընկալումները, մոտեցումները փոխեր, ավելի սթափ դառնար, վաղվա օրվա մասին մտածող: Ես կարծում էի, որ հասարակության դրական լիցքերը ավելի կշատանային, սպասելիքները ավելի շատ էին, բայց երեւի ծրագրերի ազդեցությունը շուտ ենք փորձում գնահատել: Ժամանակ է պետք հարմարվել, ակտիվ շփումների մեջ մտնել, երկար տարիների շրջափակումը նաեւ հոգեւոր առումով է ազդել, այս առումով գրատպության տոնը համագործակցության լայն դաշտ ստեղծեց:
2013թ առաջնահերթ անելիքները:
«Գրադարանի մասին» օրենքը դնենք կիրառության մեջ: Հանրային գրադարանների ցանցի ձեւավորումը, երկրորդ խնդիրը վերաբերում է մշակութային ժառանգության հանրահռչակման հատվածին, ամեն տարի ինչ-որ բան թիրախավորում ենք: Այս տարի կթիրախավորենք գորգը, գորգին նվիրված մեծ ծրագիր ենք իրականացնում, կբացենք գորգերի մշտական ցուցադրություն Պատմության թանգարանում, ստեղծվել է գորգերի վիրտուալ թանգարանը: Ֆիլմ է նկաևահանվելու հայկական գորգերի մասին, նաեւ մեծ աշխատություն, ալբոմ է վերահրապարակվելու, Մայր Աթոռի հետ կազմակերպելու ենք մեծ գիտաժողով՝ նվիրված գորգարվեստին: Երրորդը վերաբերում է այս տարվա վերջին ընդունված մշակութային կրթության եւ գեղագիտության ազգային ծրագրին, միջգերատեսչական խումբ կձեւավորվի, ով կվարի այս ծրագիրը, վերլուծվել է հիմնական մակարդակների ծրագրերը:Այս ծրագիրը նախատեսում է նախադպրոցական տարիքի երեխաների ուսումնամեթոդական ծրագրերի մշակում, ազգային երգ ու պարի դասավանդում, ազգային մշակույթ առարկայի ներմուծում, համաչափության սկզբունք, երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծում եւ այլն: Ինչպես նաեւ կան այլ անելիքներ, հատուկ մոտեցում խոցելի խմբերին, առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար կկազմակերպվի համահանրապետական ինտեգրատիվ առաջին փառատոնը: Կլինեն նաեւ միջոցառումներ` նվիրված արվեստի գործիչների հոբելյաններին, օրինակ` Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ աշխարհի շատ քաղաքներում կլինեն միջոցառումներ՝ նվիրված նրան:
Երկար տարիներ Ամանորը դիմավորում եք Մշակույթի նախարարի պաշտոնում, դա ինչ-որ առանձնահատկություն ունի՞, այսինքն` Ամանորը նույն կերպ կդիմավորեի՞ք, եթե շարքային հայ կին լինեիք, ոչ պաշտոնյա:
Ոչ մի տարբերություն չկա իրականում, որ ժամին էլ գործերդ վերջացնում ես, տանը քո պարտականությունները կատարում ես: Միակ տարբերությունը երեւի այն է, որ երբ նախարար չէի, կարողանում էի բազմազանություն ապահովել: Բայց ժամանակի ընթացքում կյանքը քեզ պրագմատիկ է դարձնում, պատրաստում ես ամեն մեկի սիրելի բանը, հյուրերն էլ թող օգտվեն այդ թիրախային իրավիճակից:
Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշելու:
Բոլոր ժամանակներում Ամանորը նշել եմ իմ ընտանիքիում իմ տանը, ոչ մի ամանորի երբեք Երեւանից չեմ բացակայել: Ցավոք սրտի առաջին տարին է, երբ Ամանորը դիմավորելու եմ առանց ծնողներիս, առանց հայրիկիս, այդ իմաստով այս Ամանորը ինձ համար մի քիչ երանգավորված է:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը:
Ծախսը դժվարանում եմ ասել, որովհետեւ ամուսինս էլ է ինչ-որ բաներ գնում, ես էլ եմ գնում: Ես գնել եմ մի քիչ չարազեղեն, իմ սիրած կոնֆետները, սուրճ եւ ձուկ: Ամանորին շատ բան չեմ պատրաստում, չորթանով ճաշ, քյալագոշ, խաղողի թփով տոլմա, ինչ էլ պատահի, ես, միեւնույն է, պատրաստում եմ:
Ինչպես եք զարդարելու տունը, ի՞նչ եք հագնելու Ամանորի գիշերը: Հետեւո՞ւմ եք աստղագուշակներին, ընթերցո՞ւմ եք, թե ինչ անել, որպեսզի հաճոյանալ տարվա խորհրդանիշ կենդանում:
Հագնելը ընդհանրապես չեմ որոշել, այսօր ինձ վրա ջղայանացա, որ արդեն վաղուց պետք է դա մտածեի, մինչդեռ չեմ մտածել: Քանի որ թոռնիկներ ունեմ, իրենց համար տոնածառը զարդարել եմ, իրենց համար նվերներ եմ գրել: Աստղագուշակներին չեմ հետեւում, երեւի օձի տարին պետք է իմաստուն լինի: Ինչ էլ լինում է, միշտ ուզում ես լավին հավատալ:
Դուք եւս մյուս կանանց պես մի շաբաթ առաջ սկսում եք «բլինչկի» լավաշներ պատրաստել, սալաթներ կտրտել, խմորեղեն պատրաստել, եւ դեկտեմբերի 31-ի ժամը 22.00-ին դեռ խոհանոցում եք ու դեռ չեք հասցնում:
Ոչ մի դեպքում, ես բլինչիկ չեմ պատրաստում, բլինչիկն է խանգարում բոլոր կանանց ավարտել գործերը: Աշխատում եմ մինչեւ ժամը 18.00-ը ավարտել: Դեկտեմբերի 30-ի օրվա երկրորդ կեսից տանն եմ, կարծում եմ` կհասցնեմ, մի քիչ էլ կխնդրեմ տղամարդիկ կօգնեն, տակից դուրս կգամ երեւի:
Ինչ-որ հետաքրքիր դրվագ կհիշեք Ամանորի հետ կապված, օրինակ` մանկությունից:
Ցավոք,ես շատ պրագմատիկ երեխա եմ եղել, շատ քիչ եմ հավատացել ինձ խաբելու բոլոր փորձերին: Ծնողներս են պատմում, որ քիչ հետաքրքրությամբ եմ հաղորդակից եղել այդ ամենին: Ինձ համար կարեւոր է եղել, որ ինձ նոր մատիտներ, ներկելու ալբոմներ նվիրեն, իմ ամենասպասված նվերը Ձմեռ պապիկից դա էր: Թեեւ իմ պապիկը ամեն տարի ինձ համար գերմանական տիկնիկներ էր բերում` հույսով, որ ես մի քիչ երկար կխաղամ, բայց ես դրանք հավաքում էի եւ երկար ժամանակ տանը պահած ունեի:
Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրելու: Երբեւէ Ձյունանուշի դերում եղե՞լ եք:
Նմա՞ն եմ Ձյունանուշի, այս չափի Ձյունանուշ չի լինում, երբեւիցե չեմ եղել: Ձմեռ պապիկից միշտ խաղաղություն եմ ուզում, ուզում եմ, որ Ձմեռ պապիկի տրամադրությունը լինի առօրյա կյանքում, ոչ թե գիշերը գա եւ գնա: Թող բարեկեցության եւ առողջության չափը գոնե մինիմալ լինի, որ ընտանիքները երջանիկ լինեն:





























