2012 թվականը բավական դժվար էր Հայաստանի տնտեսության համար այն առումով, որ ոչ մի երկիր չկարողացավ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տնտեսական զարգացման հստակ մոդել ձեւակերպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ հին մեթոդներով հնարավոր չէ վերականգնել ոչ տեղական, ոչ էլ՝ համաշխարհային տնտեսությունը:

Տնտեսագետի խոսքով՝ այդ առումով բոլոր զարգացած եւ զարգացող երկրները գտնվում են ստեղծված իրավիճակից դուրս գալու որոնումների մեջ: «Հայաստանի համար կան ինչպես մի քանի դրական միտումներ, այնպես էլ անհանգստություն առաջացնող ասպեկտներ: Տնտեսության որոշ ոլորտներում կան դրական միտումներ. ավելացել է արտահանման աճի տեպմը, որը նախորդ տարիների համեմատությամբ ննախադեպ է եղել: Սակայն անհանգստոցնող է այն հանգամանքը, որ դա վերամշակող ոլորտների եւ համաշխարհային շուկաներում դրա պահանջարկի մեծացման արդյունք է»,-ասաց Մանասերյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար ավելի կարեւոր է վերամշակող ոլորտների զարգացումը, քանի որ դրանում է երկրի տնտեսության ապագան: Դրական միտումների շարքում նա նաեւ նշեց էլեկտրաէներգետիկայի ոլորտում աճը, ինչպես նաեւ դրական առաջընթացը գյուղատնտեսության ոլորտում, ինչը կապված էր 2012-ի բարենպաստ կլիմայական պայմանների հետ:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, Մանասերյանը նշեց, որ դրա զարգացումը Հայաստանում անշրջելի է եւ շատ կարեւոր երկրի համար: «Այդ ոլորտը զարգանում է մասնավոր սեկտորի հետեւողական ուշադրության շնորհիվ: Հայաստանի տնտեսության ապագան նույնպես կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումից»,-ասաց նա, հավելելով, որ դեռ շատ բան պետք է անել ՀՀ տնտեսությունից օլիգոպոլիան արմատախիլ անելու համար: