2012թ հայաստանյան մեդիա դաշտի համար խայտաբղետ տարի էր, դրական միտումներ են նկատվում, շատ են նաեւ անելիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը: 

ԽԱՊԿ-ն ամբողջ տարվա ընթացքում վերլուծություններ է անում եւ եռամսյակը մեկ ամփոփում դրանք: 2012թ ամփոփումը ընթացքի մեջ է եւ կներկայացվի հունվարի կեսերին:

Թեեւ Աշոտ Մելիքյանը կոնկրետ թվեր չասաց, բայց նշեց, որ 2012թ համեմատաբար հանգիստ էր լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների առումով: Դրանց քանակը սկսել է նվազել դեռ 2010թ եւ այդպես տարեցտարի ավելի է նվազում: Նախորդ տարվա ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ընդամենը 4 դեպք, որոնք համընկել են ընտրությունների շրջանի հետ` թե խորհրդարանական, թե տեղական ինքնակառավարման մարմինների: Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի առումով եւս տարին հանգիստ էր: Եթե 2011թ աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի մասով, մասնավորապես` 36 դատական հայց է ներկայացվել լրատվամիջոցների դեմ, ապա 2012թ այդ թիվը մի քանի անգամ նվազեց, ստույգ թիվ Աշոտ Մելիքյանը առայժմ չնշեց:

Չնայած այս դրական միտումներին, բայց 2012թ հայաստանյան մեդիա դաշտը զերծ չմնաց ճնշումներից, սպառնալիքներից, լրատվամիջոցների դեմ տնտեսական մեխանիզմների օգտագործումից: Աշոտ Մելիքյանի խոսքով` բավականին աճել է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների դեպքերի քանակը:

Խոսելով  հայաստանյան հեռուստաեթերի մասին` ԽԱՊԿ ղեկավարը շեշտեց, որ  քաղաքական վերադասավորումների հետեւանքով, երբ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ չեն, դրանց հետ կապված հեռուստաընկերությունները այլ քաղաքականություն են վարում եւ տարբերվում են «պրոիշխանական» հեռուստաընկերություններից, այդ իմաստով որոշ բազմազանություն կա: Տարին հետաքրքիր էր նաեւ «Ա1+»-ի համեմատական առումով եթերում հայտնվելու մասով, մասնավորապես` «Ա1+» հեռուստաընկերության «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը 10 տարի անց վերադարձել է հեռուստաեթեր, եւ սեպտեմբերի 10-ից շաբաթական 5 օր հեռարձակվում է «Արմնյուզով»: «Այդ 20 րոպեով «Ա1+-ի»  հարցը լուծված չէ, պետք է քայլեր ձեռնարկել, որ այդ հեռուստաընկերության նկատմամբ անարդարության հարցը լուծվի»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

ԽԱՊԿ ղեկավարի խոսքով` խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանք լրատվամիջոցների բազմազանություն, տեսանք,թե ինչպես կարող են լրատվամիջոցները եթերը տրամադրել եւ իշխանական, եւ ընդդիմադիր ուժերին. «Դա լավ էր, բայց եթե դա լիներ կամովի, շատ բարձր կգնահատեինք: Հասկանում ենք, որ այդպիսի հրահանգ է տրված վերեւից` իշխանություններից: Իշխանությունները վերցել են պարտավորություն միջազգային կազմակերպությունների եւ սեփական հանրության առաջ` ապահովել լավ ընտրություններ, իսկ դրա գրավականներից մեկը լրատվամիջոցների օբյեկտիվ եւ հավասարակշիռ աշխատանքն է: Ակնհայտ երեւում էր, որ հրահանգ է տրված, որպեսզի նրանք ընտրարշավի ընթացքում հավասար պայմաններ ստեղծեն նաեւ ընդդիմադիր ուժերին: Դժվար է սա գնահատել որպես հաղթանակ կամ պարտություն, իրողություն է»,- ասաց նա` շեշտելով, որ լավ կլինի, եթե հեռուստաեթերը լինի այդպիսին` առանց «վերեւից հրահանգների»: 2013թ սպասվում են նախագահական ընտրություններ, թեեւ թեժ պայքար չի սպասվում, բայց դրա լուսաբանումը փորձություն է լրատվամիջոցների համար, եւ Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ լավ կլիներ` լրատվամիջոցները պատվով դուրս գային:

Այս տարի լրագրողական հանրության, լրատվամիջոցների լուսաբանման շնորհիվ շատ բաներ փոխվեցին քաղաքական, հասարակական եւ լրագրողական կյանքում, օրինակ`  ԿԸՀ-ում լրագրողների եւ լրատվամիջոցների հավատարմագրման կարգը, «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր. Ավելի վաղ ձերբակալված Հայկ Գեւորգյանի ազատ արձակումը:

Ընդհանուր առմամբ` ԽԱՊԿ  ղեկավարը նշեց, որ հայասատանյան լրատվամիջոցները միջազգային կազմակերպությունների կողմից դեռեւս  «անազատների» կարգին են դասվում: Այս դրական միտումները հույս են ներշնչում, որ գոնե հետագայում դրանք կդասվեն «կիսազատների» կարգին: ԽԱՊԿ ղեկավարը շեշտեց, որ հայաստանյան լրատվամիջոցները պետք է հաստատուն քայլերով գնան դեպի անկախություն, եւ եթե ամանորին մարդկանց առողջություն են ցանկանում, ապա լրատվամիջոցներին պետք է ցանկանալ անկախություն: «Պետք է քայլ առ քայլ գնան ավելի բարձր մակարդակի անկախություն, որովհետեւ հիմա այն շատ ցածր է: Իսկ այդպիսի անկախության կարելի է գնալ` ձեռք բերելով ֆինանսական անկախություն: Ցավոք այդ վարչական հովանավորչությունը մեզանում բավականին մեծ նշանակություն ունի, դա է պատճառը, որ լրատվամիջոցները բաժանված են քաղաքական եւ տնտեսական ճամբարներին, եւ ավելի շատ սպասաակում են այդ ճամբարների շահերը քան սպասարկում են հանրությանը»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am