Վեց մարդ զոհվել է, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել իտալական Ալպերում ձնագնացի վթարի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Տրենտինո նահանգում, Չերմիս առողջարանում: Ձնագնացի վարորդը կտրուկ վայրէջքի ժամանակ կորցրել է կառավարումը եւ մեքենան ընկել է մոտ 100 բարձրությունից:

Բոլոր զոհերն ու տուժածները ռուսաստանցիներ են` չորս տղամարդ եւ երկու կին, հաղորդում է Lenta.ru-ն:

Միլանում Ռուսաստանի հյուպատոսը հաստատել է տեղեկությունը: Զոհվել են Դենիս Կրավչենկոն, Իրինա Կրավչենկոն, Վյաչեսլավ Սլեպցովը, Յուլիա եւ Լյուդմիլա Յուդինաները, Ռաֆիլյա Պշենիչնայան: Բորիս Յուդինն ու Ազատ Ագաֆարովը գտնվում են Տրենտո քաղաքի հիվանդանոցում: Զոհերից հինգն ու մի վիրավորը Կրասնոդարի բնակիչներ էին, իսկ Պշենիչնայան ու Ագաֆարովը աշխատում էին Իտալիայում: