ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անգամ ներկա պայմաններում կասկածելի է: Այսպես է կարծում զինվորական կանխատեսումների ռուսական անկախ Կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Մեկնաբանելով այս տեսակետը՝ զինվորական գիտությունների թեկնածուն, մասնավորապես, նշեց փաստը, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պահպանում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ստորագրվել է զենք չկիրառելու համաձայնագիր, իսկ Ադրբեջանը միաժամանակ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ դժվար թե որոշի առաջինը խախտել հրադադարը:
Ինչպես նշեց Ցիգանոկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում, ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները չեն կարող որեւէ բանի հանգեցնել՝ առանց «ինքնավար հանրապետության» անմիջական մասնակցության: «Ղարաբաղյան կողմի պահանջներն այս հարցում անհրաժեշտ է հաշվի առնել: Առանց Ստեփանակերտի մասնակցության՝ առաջընթացի հասնել անհնար է»,- ընդգծեց նա:
Դրա հետ մեկտեղ, Ցիգանոկը հատկապես առանձնացրեց այն փաստը, որ միջնորդների կողմից առաջարկված կարգավորման սկզբունքները որոշ չափով տարբերվում են Եվրոպայում նմանատիպ իրավիճակներում կիրառվող պրակտիկայից: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 55 միլիոնից ավելի փախտականներ կային, սակայն նրանց վերադարձի հարցը, չգիտես ինչու, չէր քննարկվում ինչպես գերմանացի փախստականների, այնպես էլ այլ դեպքերում»,- ասել է նա ու հավելել, որ դրա դիմաց նրանց դրամական հատկացում է առաջարկվել, որի մասին ղարաբաղյան փախստականների դեպքում ոչ մի խոսք չի գնում: Ինչո՞ւ Եվրոպան իր համար մեկ հետեւություն է անում, իսկ ուրիշների դեպքում ղեկավարվում է բացարձակապես այլ հետեւություններով",- տրամաբանական հարց է բարձրացրել Ա. Ցիգանոկը:




























