«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերության պատվերով սահմանափակ քանակով արտադվել է «Վարդագույն Երեւանի» անվամբ կիսաանապակ վարդագույն գինի: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ընկերության մարքետինգի դեպարտամենտից:
Գինին պատրաստվել է «Երեւանի վարդագույն», «Երեւանի դեղին» եւ «Քիշմիշ սև» քիշմիշային խաղողների բարձրարժեք սորտերից: Գինու բաղադրության մեջ գերակշռում է Երեւանի վարդագույն տեսակը, ինչով եւ պայմանավորվել է գինու անվանումը:
Ընկերության պատվերով քիշմիշային խաղողի մի շարք սորտերից պատրաստվել է բնական ճանապարհով չորացված, առանց հավելումների անկորիզ չամիչ, որը վաճառակետերում սպառողին է ներկայացվում «Վարդագույն Երեւանի» գինու հետ մեկ փաթեթում:
Նշենք, որ «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պետական-մասնավոր մասնակցությամբ կազմակերպություն է: Ընկերության խոշոր բաժնետեր է Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:





























