Ժերար Դեպարդիեի ռուսական անձնագրի շնորհելու արագությունը զարմացրել է Ռունետին: Բլոգերները եւ լրագրողները բազմաթիվ տարօրինակություններ են նկատել:

Ռունետում բուռն քննարկվում է, թե որքանով է օրինական եղել դերասանի անձնագիր տրամադրելու ընթացակարգը: Քննարկման տեղիք է տվել հենց Դեպարդիեն, որն անզգուշաբար անձնագիրը թափահարել է լուսանկարիչների առաջ:

Նախագահի հրահանգից եւ նորաթուխ ռուսաստանցուն անձնագիրը շնորհելուց անցել է երկու օր: Կասկած կա, որ դերասանը խուսափել է բազմաթիվ բյուրոկրատական  գործընթացներից:

Անձնագրի խոշորացված լուսանկարներից պարզ է դարձել, որ Դեպարդիեի լուսանկարը վերցրել են համացանցից, այն վեց տարվա վաղեմության է, նշում է ՆՏՎ-ն:

Gazeta.Ru-ն նշում է, որ ըստ «Քաղաքացիության մասին» օրենքի՝  ռուսական անձնագիր ստանալու համար բավական շատ փաստաթղթեր է պետք հանձնել: Կարո՞ղ էր արդյոք Դեպարդիեն հունվարի 3-5-ն այդքան փաստաթուղթ ուղարկել Մոսկվա: