23-ամյա հնդիկ ուսանողուհի Ջոտի Սինգհի դաժան բռնաբարության եւ սպանության մեջ մեղադրվողները, հանցագործության օրը երեկոյան հատուկ փնտրել են իրենց զոհին, որպեսզի հաշվեհարդար տեսնեն նրա նկատմամբ: Այս մասին նշված է Հնդկաստանի ոստիկանության զեկույցում:
Դատախազությունը քննությանն է տրամադրել 600 էջանոց փաստաթուղթ, որտեղ ներկայացված են կասկածյալների մեղավորությունը հիմնավորող ապացույցները: Որպես իրեղեն ապացույց ոստիկանության ձեռքի տակ են մեղադրյալների արյունոտ շորերը, նրանց մոտ հայտնաբերված ուսանողուհու իրերը, ինչպես նաեւ զենքը, որն օգտագործվել է հարձակման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Զեկույցից պարզ է դառնում, որ 6 կասկածյալները դեկտեմբերի 16-ին, Դելիի հարավում գտնվող աղքատ թաղամասերից մեկում հավաքվել են ընթրիքի, նույն օրը երեկոյան նրանք որոշել են կին գտնել եւ կյանքի կոչել իրենց մտադրությունները: Նրանք իրենց ծանոթի ավտոբուսով ուղեւորվել են քաղաք՝ որոնումների: Ճանապարհին նրանք նկատել են աղջկան՝ իր ընկերոջ հետ, ովքեր ցանկանում էին կինոթատրոնից տուն հասնել: Չարագործները նրանց մտցրել են ավտոբուս, որտեղ երիտասարդին ծեծի են ենթարկել, իսկ աղջկան դաժանաբար բռնաբարել են եւ ծեծել երկաթե ճիպոտով:
Զոհերին ավտոբուսից դուրս նետելուց հետո, հանցագործները փորձել են մեքենայի տակ գցել աղջկան, բայց նրա ուղեկից տղան հասցրել է դուրս քաշել նրան անիվների տակից: Հաջորդ օրը, շնորհիվ փողոցներում առկա անվտանգության տեսախցիկների, ոստիկանությունը ձերբակալել է ավտոբուսի վարորդին, ում շապիկի վրա արյան հետքեր են եղել: Ձերբակալվածը հայտնել է իր հանցակիցների անունները:
Հիշեցնենք, որ աղջիկը երեք վիրահատության է ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 23-ամյա ուսանողուհին ստացած վնասվածքներից մահացել է դեկտեմբերի 29-ին:
Այս հանցագործությունը մեծ արձագանք է ստացել Հնդկաստանի շատ քաղաքներում, որտեղ զնագվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջել են մահապատժի ենթարկել հանցագործներին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար կանանց իրավունքները երկրում:
Բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:





























