Կամբոջացի նավաստիները, որոնց ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկին, իբր, պարտադրել էր նավից դուրս նետվել, ընդունել են նրա ներողությունը եւ համաձայնել են դրամական փոխհատուցման առաջարկին: Գործարարի նախկին գործընկեր Սերգեյ Վլադին չի հստակեցրել, թե որքան գումար կվճարի Պոլոնսկին նավի անձնակազմին, բայց նշել է, որ խոսքը խելամտությունից դուրս գումարի մասին չէ:
Ավելի վաղ Պոլոնսկիի փաստաբանը հայտնել էր, որ նավաստիները պատրաստ են ընդունել ռուս գործարարի ներողությունը եւ հետ վերցնել իրենց բողոքը: Միաժամանակ ինքը՝ գործարարը, կտրականապես հերքել է իր մեղքը եւ պատրաստվում է հասնել իր ամբողջական արդարացմանը: «Սերգեյը երբեք չի ընդունել իր մեղքը եւ ներողություն խնդրելուց երբեք չի հրաժարվել: Քանի որ այսպիսի թյուրիմացություն է եղել, ծեծկռտուք է տեղի ունեցել, նա պատրաստ է ներողություն խնդրել եւ արդեն խնդրել է»,-ասել է Վլադին, հաղորդում է Dni.ru-ն:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սկզբին Պոլոնսկին եւ եւս երկու ռուսաստանցիներ կալանավորվել են Կամբոջայի առողջարանային Սիանուկվիլ քաղաքում: Նրանք մեղադրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու կամ դրա փորձի, ինչպես նաեւ ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ: Մեղադրանքում նշված է, որ Ռուսաստանի քաղաքացիները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նավի անձնակազմին սպառնացել են դանակներով, նրանք փակել են անձնակազմի անդամներին սենյակում, իսկ հետո պարտադրել են նավից ջուրը նետվել:
Ռուսները կտրականապես հերքել են մեղադրանքը եւ հայտարարել, որ իրենք կոնֆլիկտ են ունեցել կամբոջացի զինվորականների հետ՝ չափից դուրս ուժեղ ամանորյա հրավառության պատճառով: Կամբոջայի օրենքներով, ռուս գործարարին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:





























