Պակիստանի իշխանությունները Բելուջիստանի նահանգում, այսօր՝ հունվարի 11-ին, եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ ահաբեկչությունների շարքի զոհերի: Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր առնվազն 15 մարդ: Բազմաթիվ մասնավոր առեւտրային կենտրոններ, խանութներ եւ ծառայություններ մատուցող այլ օբյեկտներ մեկօրյա գործադուլ են հայտարարել ի նշան ահաբեկչության դեմ բողոքի:
Բելուջիստանի մայրաքաղաք համարվող Կվետտայում բանակային եւ ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել, քաղաքի անդորրը պահպանելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:
Միաժամանակ, քաղաքում եւ նրա արվարձաններում սկսվել է ահաբեկչության զոհերի թաղման արարողությունները, որոնք ինքնաբերաբար վերածվում են ահաբեկչության դեմ բողոքի ցույցերի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 10-ին Կվետտայում մահապարտ-ահաբեկիչը բիլիարդի ակումբի ներսում պայթեցրել է իրեն, որը բազմաթիվ զոհերի է հանգեցրել: Երբ դեպքի վայրում հավաքվել են ոստիկաններ, բժիշկներ, լրագրողներ եւ սովորական բաղաքացիներ, պայթել է հարեւանությամբ գտնվող մեքենան, որն էլ ավելի մեծ զոհերի պատճառ է դարձել:
Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել սուննիների արմատական «Լաշքար ի-Թայբա» խմբավորումը:
Նույն օրը եւս մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել Կվետտայում, որին զոհ է գնացել 12 մարդ, եւս 40-ը՝ վիրավորվել է: Այս դեպքում կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բելուջիների միավորված բանակ» խմբավորումը:





























