Հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի որոշումը հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի բողոքի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանը:
Եթե նրա նկատմամբ սահմանված պատիժը` 12 տարի ազատազրկումը չփոխվի, ապա չգիտի, թե ինչ պետք է անի: «Ի՞նչ պետք է անեմ, պիտի ենթարկվեմ»,- ասաց նա:
Դեկտեմբերի 7-ին Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնում միզապարկի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվելուց հետո նա դեկտեմբերի 26-ին դուրս է գրվել, այժմ գտնվում է տանը: Նրա փոխանցմամբ` ինքնազգացողությունը նորմալ է, բայց դեռեւս բուժումների կարիք ունի: Սերոբ Բոզոյանը վիրահատության գումարի միայն մի մասն է վճարել` 74 հազար դրամը, իսկ 90 հազար դրամը պարտք է, դեռ պետք է վճարի, սակայն չգիտի, թե ինչ պետք է անի: Որեւէ մեկից ֆինանսական օգնություն չի ստացել:
Նշենք, որ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնում վիրահատվել է միզապարկի քաղցկեղի կապակցությամբ, ավելի վաղ նա նորից էր վիրահատվել այդ կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:
:Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Սերոբ Բոզոյանը բողոքարկում է վճիռը եւ պահանջում պատժատեսակի փոփոխություն, իսկ եթե պատժատեսակը չփոխվի, ապա գոնե ներկա պատժատեսակի` ազատազրկման պայմանական չկիրառում: «Կա նախատեսված նաեւ տուգանք, եւ դատարանը, հաշվի առնելով նրա անցած կենսագրությունը, կարող է նշանակել եւ պետք է նշանակի տուգանք: Եւ եթե դատարանը, այնուամենայնիվ, նախատեսի որոշակի ժամկետով ազատազրկում, ապա պետք է այդ 1 տարին պայմանականորեն չկիրառվի` հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նախկինում դատված չլինելը եւ այլն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը:





























