Պակիստանի Բելուջստան նահանգում ահաբեկչությունների  հետեւանքով զոհվածների հարազատները հրաժարվում են նրանց  հուղարկավորելուց՝ դրանով անվտանգության ոլորտում իշխանությունների անգործության դեմ իրենց բողոքն արտահայտելով։

Զոհերի ընտանիքներն իրենց հարազատների մասունքները դագաղներով դրել են իրենց տների առջեւ՝ հայտարարելով, որ ոչ մի տեղ չեն տանի, քանի դեռ նահանգում զորքեր չկան, գրում է BBC News-ը։

Շիա-հազարաների (Աֆղանստանից եկածների) համայնքի առաջնորդները պահանջել են անհապաղ վճռական քայլեր ձեռնարկել տեղի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ, նաեւ՝ զգալի բարձրացնել նահանգում անվտանգությունը։

Միաժամանակ, Քվեթա եւ Կարաչի քաղաքներում ահաբեկչության դեմ բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները իրենց եւ իրենց մերձավորների համար երկրի ղեկավարությունից ապահովություն են պահանջել, գրում է  lenta.ru-ն։

Հիշեցնենք, հունվարի 10-ին Քվեթայում մի քանի պայթյուններ էին որոտացել, նվազագույնը 115 մարդ զոհվել էր, հարյուրավորները՝ վիրավորվել։ Ահաբեկչությունները, որոնց համար պատասխանատվությունը ստանձնել են սունիները, ուղղված էր շիաների դեմ։