Ներկայումս Եվրոպայում բնակվող, Թուրքիայի Դերսիմի շրջանի բնակիչները Միջազգային քրեական դատարան հայց են ներկայացրել ընդդեմ այն անձանց, ովքեր պատասխանատու են հիմնականում ալեւիներով (նրանք այժմ իրենց անվանում են Թունջելի) բնակեցված այդ շրջանում տեղի ունեցած արյունահեղության համար:

Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ն, Դերսիմի նախկին բնակիչները, ովքեր ներկայումս բնակվում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում եւ Հոլանդիայում, բողոքի ակցիա են իրականացրել Հաագայի դատարանի շենքի առջեւ. նրանց ձեռքի պաստառներին գրված է եղել. «Մենք արդարադատություն ենք ուզում Դերսիմում տեղի ունեցած ցեղասպանության համար»: Նրանք 300 էջանոց հայց են ներկայացրել: Դերսիմցիների փաստաբան Էրդալ Դողանը հայտարարել է, որ եթե հայցը չընդունվի, իրենք կդիմեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:

Նշենք, որ 1937-38 թվականներին հիմնականում ալեւիներով բնակեցված Դերսիմի շրջանում թուրքական զինված ուժերն սպանել են մինչեւ 70 հազար ալեւիների: