Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հրաժարական է տվել որսի ժամանակ կատարված սպանության գործով հետաքննության շուրջ աղմուկի պատճառով: Կասկած կա, որ հենց նա է արձակել ճակատագրական կրակոցը: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Զուբկոյին հրաժարականի կոչ է արել խորհրդարանի նախագահ, դեմոկրատների առաջնորդ Մարիան Լուպուն, որը հույս է հայտնել, «որ կատարվածը դաս կլինի դատախազության եւ ՆԳՆ-ի համար, որոնք հանրությանը չեն ներկայացրել այդ գործի ամբողջ տեղեկությունը»:
«Նովի Ռեգիոնը» հայտնում է, որ աղմուկը բարձրացել էր այն բանից հետո, երբ Մոլդովայի իրավապաշտպանները հայտարարել էին, որ դեկտեմբերի 23-ին որսի ժամանակ վիրավորված ձեռնարկատեր Սորին Պաչուն վախճանվել է հիվանդանոցում: Դրան հետեւած մամուլի ասուլիսում «Անտիմաֆիա» մոլդովական շարժման առաջնորդ Սերջիու Մոկանուն հայտնել էր, որ ճակատագրական կրակոցն արձակել էր հենց Զուբկոն: Ըստ նրա` դրանից հետո խորհրդարանի առաջին փոխխոսնակ Վլադ Պլախոտնյուկը «արգելել էր դատախազին պատմել կատարվածի մասին»:
Դատախազությունը հաստատել է մահացու հանգուցալուծմամբ որսի միջադեպը, սակայն գլխավոր դատախազի մասնակցությունը դրան անվանել է «սուտ եւ հերյուրանք»: Իսկ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը Զուբկոյին կոչ է արել հրաժարական տալ: Աղմուկն արժանացել է ընդդիմության սուր քննադատությունը:
Ավելի ուշ այդ գործում ի հայտ է եկել հիմնական կասկածյալ` Քիշնեւի Վերաքննիչ դատարանի նախագահի տեղակալ Գեորգի Կրեցուն, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Սակայն իրավապաշտպանները չեն հավատում այդ վարկածին եւ հայտարարում են, որ Կրեցուի վրա ճնշում են գործադրում: Ըստ նրանց` ճնշում են գործադրում նաեւ սպանված Պաչուի ընտանիքի վրա, որը հրաժարվում է շփվել լրագրողների հետ:




























