Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավարթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, ով վերջերս նախագահի թեկնածու է առաջադրվել, այսօր՝ հունվարի 14-ին, Բաքվում մամուլի ասուլիս է հրավիրել՝ նախորդ օրը Լենքորան կատարած իր այցի ժամանակ իր դեմ կազմակերպած հարձակման հետ կապված:

Նա հայտարարել է, որ ոչ մի կասկած չկա, որ իր ավտոշարասյան վրա կատարված հարձակումը կազմակերպել են իշխանությունները, իսկ տեղի ունեցածը համարել է մահափորձ, հաղորդում է APA-ն:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ցերեկը, երբ Ղամբարը եւ նրա կողմակիցները ժամանել են Լենքորան՝ մասնակցելու կուսակցության շրջանային բաժանմունքի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է Contact.az-ը:

Քաղաք մտնելիս մի քանի ավտոմեքենաներ փակել են ընդդիմադիրների ավտոշարասյան ճանապարհը, ապա այնտեղ հավաքված ամբոխն սկսել է ձվեր եւ այլ առարկաներ նետել ընդդիմության ներկայացուցիչների վրա: Մարդկանց խումբը հարձակվել է մեքենայի վրա, որում եղել է «Մուսավաթի» առաջնորդը:

Ինչպես պատմել են կուսակցությունում, Իսա Ղամբարի մեքենան վնասվել է, կոտրվել են ապակիները, պոկել համարանիշը: Հարձակվողները ծեծել են ընդդիմադիրներից Ուլվի Գուլիեւին, ինչպես նաեւ լրագրող Մեհմանա Քերմիովային, ով նկարահանելիս է եղել տեղի ունեցողը:

Բացի այդ, ընդդիմադիրների ճանապարհը փակած ավտոմեքենաներից մեկն անցել է Իսա Ղամբարի տեղակալ Գյուլագի Ասլանի ոտքերի վրայով:

Ինքը՝ Իսա Ղամբարը չի տուժել. նա որոշել է հրաժարվել Լենքորան այցելելու մտքից եւ լքել է դեպքի վայրը: «Մուսավաթը» պնդում է, որ ամբոխը, որում եղել են նաեւ կանայք, այդտեղ են ուղարկել քաղաքացիական հագուստով ոստիկանները:

Հունվարի սկզբին «Մուսավաթ» կուսակցության գերագույն խորհուրդը նախագահի ընտրություններում առաջ է քաշել իրենց առաջնորդ, 56-ամյա Իսա Ղամբարի թեկնածությունը: Ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան 2013 թվականի հոկտեմբերին:

Ընդդիմադիր գործիչը կմրցակցի երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով երկիրը ղեկավարում է 2013 թվականից: