Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը, որը պատկերում է նկարչի մուսա եւ սիրեցյալ Մարի-Թերեզա Վալտերին, Sotheby`s-ում աճուրդի է դրվելու՝ 40,2-56,3 մլն դոլար նախնական գնահատմամբ:

Կտավը «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» աճուրդի գլխավոր լոտն է: Փետրվարի 5-ին լոնդոնյան աճուրդում 61 լոտ կներկայացվի:

Աճուրդի տան մասնագետների խոսքով՝ Պիկասոյի ստեղծագործությունը պետք է հետաքրքրի հավաքածուների տերերին եւ ներդրողներին:

Նկարը վերջին անգամ աճուրդի էր հանվել 1997թ.:

Պիկասոն Մարի-Թերեզա Վալտերի հետ ծանոթացել էր, երբ ամուսնացած էր ռուս պարուհի Օլգա Խախլովայի հետ: Վալտերը Պիկասոյի մուսան էր դարձել, նա այդ կնոջը պատկերել է իր շատ կտավներում, գրում է NEWSru.com-ը:

 «Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը» աճուրդում նաեւ Էգոն Շիլեի մի քանի գործեր կլինեն, այդ թվում՝ կանաչ վերնաշապիկով ինքնադիմանկարը (մոտ  3 մլն դոլար) եւ սիրեցյալ Վալերի Նոյզելի հետ ինքնադիմանկարը (մոտ 12 մլն դոլար), Կլոդ Մոնեի կտավը «Ջրաշուշաններ» շարքից (մոտ 24 մլն դոլար) եւ  Ժոան Միրոյի «Փախուստի մասին երազող կինը» կտավը (մոտ 16 մլն դոլար): Ակնկալվում է, որ աճուրդը մոտ  240 մլն շահույթ կբերի: