Հայաստանը շարունակում է ապրանքներ ստանալ Սիրիայից: Վերջերս հանրապետություն է հասել աղաջուր դրված ձիթապտղի կոնտեյները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պահածոյացված բանջարեղենի եւ մրգերի ներկրմամբ զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը (ընկերության անունը չենք գրում արտաքին առեւտրային գործարքներում բարդություններից խուսափելու նպատակով):
«Աղաջուր դրված «Կալամատա» ձիթապտուղն արդեն հասել է Երեւանի սուպերմարկետներ»,-նշեց ընկերության ղեկավարը: Սիրիա դրամական փոխանցումների հետ կապված դժվարությունը ստիպել է հաշիվ բացել երրորդ երկրում:
«Այդ արտադրության արաբ ղեկավարի հետ մենք աշխատել ենք երկար տարիներ, պատերազմից առաջ, նա եղել է Հայաստանում: Ու հիմա շատ տխուր էր տեղեկանալ, որ որոշ ժամանակ առաջ, ռազմական գործողությունների ընթացքում, այդ ձեռնարկությունը կրակի տակ է հայտնվել եւ նա մահացել է»,-հավելեց ընկերության ղեկավարը:





























