ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը համոզված է, որ իր կինը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ամուր առողջություն ունի եւ դրա շնորհիվ նա շատ շուտ կապաքինվի հիվանդությունից հետո։ Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին ի հայտ եկած հիվանդության պատճառով Քլինթոնը Նոր տարին դիմավորել է հիվանդանոցում։ 

«Ես արդեն ասել եմ նրան, որ ինձանից հետո նա դեռ ժամանակ կունենա երեք անգամ ամուսնանալու։ Կարծում եմ՝ նա կապրի 120 տարի»,- ասել է Բիլը։ Նա կեսկատակ հաղորդել է, որ մինչ այդ իր կինը մեկ անգամ է պառկել հիվանդանոցում, երբ ծննդաբերում էր իրենց դստերը՝ Չելսիին, հաղորդում է ՆՏՎ-ն։ 

Հիշեցնենք, որ Պետքարտուղարի գլխի հիվանդությունն առաջացել է Եվրոպայում շրջագայության ժամանակ: Սկզբում ստամոքսային վարակի պատճառով առաջացած ջրազրկության հետեւանքով ուշագնացություն է եղել, այնուհետեւ բժիշկները ուղեղի հատվածում թրոմբ են հայտնաբերել։