«Աշ-Շաբաբ» խմբավորումն, այսօր՝ հունվարի 16-ին, հայտարարել է Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակից Դենի Ալեքսին մահապատժի ենթարկելու որոշման մասին, ով 2009-ի ամռանից գտնվում է Սոմալիում՝ գերության մեջ: Այս մասին խմբավորումը տեղեկություն է տարածել սոցիալական ցանցերի միջոցով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի գիշերը օդուժի աջակցությամբ, «Աշ-Շաբաբի» կողմից վեևրահսկվող Բուլո Մարեր քաղաքում ֆրանսիական հատուկ ջոկատը փորձել է ազատել Ալեքսին: Ձախողված գործողությանը մասնակցել են 4 ուղղաթիռներ:
Ապստամբների ներկայացուցչի խոսքով՝ ֆրանսիացի զինվորականներից մեկը զոհվել է զենիթային կրակից եւ նրա մարմինը թողել են մարտի դաշտում, քանի որ ֆրանսիացիները ստիպված են եղել նահանջել։ Տեղական իշխանությունները հաղորդել են կրակոցների ժամանակ երկու քաղաքացու մահվան մասին։
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ֆրանսիայի կառավարությունը հայտնել էր, որ ապստամբներն առեւանգել են Սոմալիում գտնվող երկու ֆրանսիացու, որոնցից մեկը շուտով ազատվել է։ Երկրորդ պատանդի ազատագրման դիմաց «Աշ Շաբաբ»-ի առաջադրած պայմանների մեջ մտնում է Սոմալիում Աֆրկյան միության խաղաղապահ առաքելության վերացում եւ Ֆրանսիայի կողմից Սոմալիի իշխանություններին ցույց տրվող աջակցության դադարեցում:




























