Հունվարի 16-ին ֆրանսիական ցամաքային ստորաբաժանումները կժամանեն Մալիի հյուսիսային շրջան՝ իսլամիստների դեմ կռվելու համար, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։
Նա հաղորդել է, որ արեւելքում ահաբեկիչների հարձակումը ճնշված է եւ այնտեղ «Անսար ադ Դին»-ի եւ «Արմտյան Աֆրիկայի միասնականության եւ ջիհադի շարժման» հետ կապված խմբեր են գործում։ Ըստ նախարարի, արեւմուտքում գործերն ավելի բարդ են ընթանում, այնտեղ գործում են ավելի կազմակերպված, վճռական եւ ֆանատիզմով տոգորված զինված խմբեր։ «Դրա համար օդային ուժերը կհարվածեն իսլամիստների թիկունքում գտնվող ռազմակայաններին՝ հատկապես Գաոյի տարածաշրջանում»,- ասել է Լի Դրիանը RTL ռադիոկայանի եթերում։ Նա նշել է, որ հունվարի 16-ին սկսվել է գործողությունների նոր փուլ եւ ցամաքային ստորաբաժանումները շարժվել են դեպի հյուսիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցամաքային գործողությունները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Մենք ուժեղացրել ենք հարեւան շրջաններից եկած զորախմբերը, Ֆրանսիայից օգնական խմբեր են եկել այստեղ եւ այժմ մենք տեղում ենք։ Մոտակա ժամերին մենք ուղիղ մարտի մեջ կմտնենք իսլամիստների հետ»,- ասել է ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Էդուարդ Գիոն՝ Europe 1 ռադիոկայանի հետ հարցազրույցում։




























