Ամերիկյան դատարանը Twitter-ի օգտատիրոջ օգտին որոշում է կայացրել, ում բացառիկ լուսանկարները լրատվամիջոցներն օգտագործել էին առանց նրան տեղյակ պահելու: Նշենք, որ լուսանկարիչ Դենիել Մորելի լուսանկարները, որոնք տեղադրված են եղել Twitter-ում, հայտնվել են The Washington Post-ի էջերում:
Այս գործով Նյու Յորքում կայացած դատական լսումների ժամանակ դատարանը որոշել է, որ լրատվամիջոցն իրավունք չունի օգտագործել սոցիալական ցանցերում գտնվող լուսանկարները կոմերցիոն նպատակներով:
Մորելի առարկությունները վերաբերում էին Հայիթիում 2010 թվականի երկրաշարժի լուսանկարներին, որին ինքը պատահաբար ականատես էր եղել, գրում է Reuters-ը:
Երկրաշարժի եւ դրա հետեւանքների բացառիկ լուսանկարները Մորելը տեղադրել էր Twitter-ում, ինչը նկատել էին AFP գործակալության աշխատակիցները: Նրանք վերցրել էին լուսանկարները եւ ներբեռնել Getty Images-ում, որտեղից էլ դրանք հայտնվել էին The Washington Post-ի էջերում:
Լուսանկարիչն անմիջապես առարկություններ է ներկայացրել իր լուսանկարների անօրինական օգտագործման դեմ, սակայն բուն գործընթացը, որն սկսվել է 2010-ի մարտին, նախաձեռնել է AFP գործակալությունը, հույս ունենալով պաշտպանել իր վարկը:
Դատարանում գործակալությունը պնդել է, որ Twitter-ի կանոնների համաձայն՝ ինքն իրավունք ունեցել է օգտագործել Մորելի լուսանկարները, սակայն դատավորը այլ եզրակացության է եկել: Դատական գործընթացը դեռ չի ավարտվել եւ AFP-ին կարող են պատժել նաեւ լուսանկարչի հեղինակային իրավունքները խախտելու համար: Դատավորը որոշել է, որ Twitter-ի օգտատիրոջ իրավունքները խախտելու համար պետք է պատասխանատվություն կրեն միայն AFP-ն եւ Getty Images-ը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Մորելի գործը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ դա առաջին դեպքերից մեկն է, երբ դատարանը պատասխան կտա հարցին, թե արդյոք երրորդ կողմն իրավունք ունի՞ օգտագործել սոցիալական ցանցերի կոնտենտը առեւտրային նպատակներով:





























