Անհրաժեշտ է մանրամասն հետաքննել Ադրբեջանում նախագահի ընդդիմադիր թեկնածու Իսա Ղամբարի դեմ կազմակերպված հարձակումը: Այս մասին ասվում է Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:
Կազմակերպության կազմած փաստաթղթում ներկայացվում են հունվարի 13-ին Լենքորանի շրջանում Իսա Ղամբարի մեքենայի վրա հարձակման մանրամասները:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ցերեկը, երբ Ղամբարը եւ նրա կողմակիցները ժամանել են Լենքորան՝ մասնակցելու կուսակցության շրջանային բաժանմունքի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդել է Contact.az-ը: Քաղաք մտնելիս մի քանի ավտոմեքենաներ փակել են ընդդիմադիրների ավտոշարասյան ճանապարհը, ապա այնտեղ հավաքված ամբոխն սկսել է ձվեր եւ այլ առարկաներ նետել ընդդիմության ներկայացուցիչների վրա: Մարդկանց խումբը հարձակվել է մեքենայի վրա, որում եղել է «Մուսավաթի» առաջնորդը:
Ինչպես պատմել են կուսակցությունում, Իսա Ղամբարի մեքենան վնասվել է, կոտրվել են ապակիները, պոկել համարանիշը: Հարձակվողները ծեծել են ընդդիմադիրներից Ուլվի Գուլիեւին, ինչպես նաեւ լրագրող Մեհմանա Քերմիովային, ով նկարահանելիս է եղել տեղի ունեցողը:
Բացի այդ, ընդդիմադիրների ճանապարհը փակած ավտոմեքենաներից մեկն անցել է Իսա Ղամբարի տեղակալ Գյուլագի Ասլանի ոտքերի վրայով:
«Մուսավաթ» կուսակցության լուսանկարիչ Մեհման Քերիմովը ձերբակալվել եւ հարցաքննվել է անհայտ անձանց կողմից, ովքեր ուղղորդել են ամբոխին: Նրա ձեռքից խլել են ֆոտոխցիկը:
Մոտակայքում գտնվող ոստիկանները չեն միջամտել միջադեպին: Ղամբարին եւ նրան ուղեկցողներին մի կերպ հաջողվել է կտրել շղթան եւ դուրս պրծնել այդտեղից, սակայն 5 մեքենաներ մի քանի կմ շարունակել են հետապնդել նրանց:
«Ակնհայտորեն կազմակերպված հարձակում է եղել Իսա Ղամբարի ավտոշրասյան վրա եւ միջադեպին ոստիկանության չմիջամտությունն անհանգստացնում է»,-հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Լեքեքթին, հաղորդում է Turan-ը:
«Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն սկսեն միջադեպի առթիվ: Միաժամանակ Ադրբեջանի եվրոպական գործընկերները պետք է բացատրություններ պահանջեն, թե ինչպես կարող էր նման լուրջ հարձակում տեղի ունենալ նախագահի ընդդիմադիր թեկնածուի վրա»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին «Մուսավաթ» կուսակցության գերագույն խորհուրդը նախագահի ընտրություններում առաջ է քաշել իրենց առաջնորդ, 56-ամյա Իսա Ղամբարի թեկնածությունը: Ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան 2013 թվականի հոկտեմբերին:
Ընդդիմադիր գործիչը կմրցակցի երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով երկիրը ղեկավարում է 2013 թվականից:





























