ԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատուվիչը հունվարի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր անհանգստությունն է հայտնել Բաքվում հունվարի 12-ին տեղի ունեցած, բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների հանդեպ ուժ կիրառելու առնչությամբ։
Տուժած լրագրողների շարքում են «Օբյեկտիվ ՏՎ»-ի թղթակից Ռասի Ալիեւը, «Ռադիո Ազդալիգ»-ի խմբագիր Վուսալյա Ալիբեյլին, «Ազդալիգ» թերթի թղթակից Իսլամ Շիխալին, ինչպես նաեւ deyerler.org տեղեկատու պորտալի լրագրողը։
Հայտարարության մեջ հատուկ ընդգծվել է ուժի կիրառումը լրագրողների ազատության եւ անվտանգության Ինստիտուտի ղեկավար Էմինա Հուսեյնովայի հանդեպ, ում ոստիկանները հրելով գցել են գետնին։
«Ես հատկապես անհանգստացած եմ, որ լրագրողները բռնության են ենթարկվել, թեեւ նրանք հագել էին ժիլետներ, որոնք թույլ էին տալիս ճանաչել, որ նրանք մամուլի աշխատողներ են»,- ասել է Միյատովիչը՝ Ադրբեջանի ԱԳՆ եւ ՆԳՆ ուղարկված նամակներում։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Բաքվում մոտ 2000 մարդ էր փողոց դուրս եկել՝ բողոքելու խոշատանգումների հետեւանքով զինվորի մահվան դեմ։ Թեեւ ցույցը կազմակերպված չէր քաղաքական կուսակցությունների կողմից, ավելի քան 50 երիտասարդներ եւ իրավապաշտպաններ կալանավորվել են ոստիկանության կողմից։ Նրանցից 22-ին մեղադրանք է ներկայացվել եւ նշանակվել են խոշոր տուգանքներ։





























