Իրաքում, այսօր՝ հունվարի 16-ին, տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 24-ի: Ավելի վաղ նշվում էր 17 զոհի եւ 168 վիրավորների մասին:
Դրանցից առավել խոշորը գրանցվել է Քիրքուք քաղաքի կենտրոնում, Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության շտաբ-բնակարանի մոտ, որտեղ մահապարտ-ահաբեկիչը պայթեցերլ է ականապատված ավտոմեքենան:
Այդ պայթյունին զոհ է գնացել 15 մարդ, եւս 100-ը վիրավորվել է: Զոհերի թվում 8-ը քրդական ուժային կառույցների աշխատակիցներ են եղել, մնացածը՝ խաղաղ բնակիչներ:
Եվս մեկ մեքենա է պայթեցվել Քիրքուքի մեկ այլ կենտրոնական թաղամասում, որի հետեւանքով զոհվել է 3 իրաքցի, եւս 10-ը՝ վիրավորվել է: Վիրավորներից երկուսը Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներ են:
Կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել նաեւ Թուզ-Խուրմաթու քաղաքում, քրդական «պեշմերգա» կազմավորման մոտ, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 170 կմ դեպի հյուսիս: Այս ահաբեկչությունները խլել են է մարդու կյանք, եւս 38 մարդ վիրավորվել է:
Բաղդադում ռումբի պայթյունի, ապա ոստիկանության պարեկների վրա կատարված հարցակման հետեւանքով զոհվել է 4 իրաքցի, որից 3-ը՝ ոստիկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Էլ-Ֆալուջայում նախօրեին սպանված սուննի պատգամավորի թաղման ժամանակ գործի է դրվել պայթուցիկ սարք, տուժել է երկու մարդ:




























