Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռի վայր ընկնելու հետեւանքով վիրավորների թիվը հասել է 9-ի: Ավելի վաղ հողորդվում էր 2 զոհի եւ 2 վիրավորի մասին:

Լոնդոնի ոստիկանապետը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է դեպքի վայրում: 9 վիրավորներից 4-ին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս 5 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում: Տուժածներից մեկին հանել են այրվող մեքենայից, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նախկինի պես փակ է ոչ հեռու գտնվող երկաթգծի «Վոքսհոլ» կայարանը եւ մետրոյի կայարանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 16-ի առավոտյան` Վոքսհոլ թաղամասում Augusta 109 ուղղաթիռն ընկել է թանձր մառախուղի պայմաններում վերամբարձ կռունկին բախվելուց հետո: Ենթադրվում է, որ ուղղաթիռը հարվածել է Թեմզայի ափին կառուցվող St George Wharf Tower երկնաքերի շինհրապարակում տեղակայված վերամբարձ կռունկին, այնուհետեւ՝ շենքին, թռել է եւս 200 մ եւ ընկել Ուանդսվորթ-ռոուդ փողոցում, հայտնում է lenta.ru-ն:

Ուղղաթիռը վնասել է երկու մեքենայի: Բացի դրանից վնասվել է նաեւ վերամբարձ կռունկը:

Պատահարի հետեւանքով մոտակա փողոցների երթեւեկությունը դադարեցվել է: Փակվել են նաեւ Վոքսհոլի երկաթուղին եւ մետրոյի կայարանը: