Պակիստանի հյուսիս-արեւմտյան Ալամգուդար շրջանում գյուղերի մի քանի հազար բնակիչներ հունվարի 16-ին փորձել են մտնել Փեշավար քաղաքի Հայբեր Պահտունխվայի նահանգապետի նստավայր։ Բնակիչները ցույցի են ելել՝ նախօրեին գիշերն անվտանգության ուժերի հատուկ գործողությունների հետեւանքով 18 մարդու սպանության դեմ։
Մարդիկ նահանգապետից պահանջում են դադարեցնել Հայբեր քաղաքական գործակալությունում հատուկ գործողությունները։ Նրանց խոսքով՝ գիշերը համազգեստով մարդիկ մտել են տները եւ սպանել բոլորին, ովքեր գտնվել են ներսում։ Ցուցարարների խոսքով՝ մահացածների մեջ մեկ ընտանիքից 7 հոգի կար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանությունն օդ է կրակել, որպեսզի ցուցարարներին թույլ չտա շատ մոտենալ նահանգապետի նստավայրին։
Միաժամանակ Պակիստանի ուժային կառույցների անհայտ ներկայացուցիչը հայտարարել է, որ կռիվն սկսվել է ոչ թե անվտանգության ուժերի, այլ՝ տարածքում գործող զինյալների կողմից։
Պակիստանի Հայբեր Պահտունխվա նահանգի հարեւանությամբ գտնվող ցեղերի տարածքներում դաշնային օրենքներ չեն գործում։ Այդտեղ գոյություն ունեն յոթ, այսպես կոչված, քաղաքական գործակալություններ՝ իրենց տեսակի մեջ ինքնատիպ ավանդական սովորույթներով ապրող, սակայն Իսլամաբադի գերակայությունն ընդունող փոքր պետություններ։ Դրանք ապաստարան են դարձել փախստական իսլամիստ զինյալների խմբավորումների համար։





























