Ալժիրում ահաբեկիչները պատանդ են վերցրել 41 օտարերկրացու, այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի քաղաքացիների, հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրները:
Ավելի վաղ Ալժիրի իշխանությունները հաստատել էին, որ ահաբեկիչները Ին Ամերնաս քաղաքում հարձակվել են նավթային օբյեկտի վրա եւ փոխհրաձգության մեջ մտել անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ:
ՆԳՆ տեղեկատվությամբ՝ զոհվել է մեկ օտարերկրացի, տուժել է 6 մարդ, այդ թվում երկու օտարերկրացի, երկու ոստիկան եւ երկու անվտանգության աշխատակից:
ՆԳՆ-ն նույնպես հաստատել է օտարերկրացի պատանդների առկայությունը, սակայն չի նշել նրանց թիվը:
Ալժիրական El Watan-ի տվյալներով՝ պատանդների թիվը 41 է, որից 7-ն ԱՄՆ քաղաքացի է, 2-ը՝ Ֆրանսիայի: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն միկրոբլոգում հաստատել է, որ Ին Ամենասում պատանդների մեջ բրիտանացիներ կան: Ավելի վաղ ճապոնական JGC կորպորացիան հաստատել էր 5 ճապոնացիների առեւանգման փաստը:
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ պատանդ վերցնողներն իրենց համարում են «Ալ Կաիդայի» անդամներ եւ պնդում, որ եկել են Մալիի հյուսիսից:
Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակման ժամանակ մեկ ֆրանսիացի զոհվել է: Ալժիրի լրատվամիջոցները հայտնում են երկու բրիտանացիների մահվան մասին:




























